Այս պահին Հայաստանում ռուսական ռшզմաբազաների ներկայության հարցում առավելություններ, ցավոք, չենք տեսել. Փաշինյանը՝ The Wall Street Journal-ին

21:59 • 25.10.23

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ առավելություն չի տեսնում երկրում ռուսական ռազմաբազաների շարունակական ներկայության մեջ. նա այս մասին ասել է The Wall Street Journal-ին:

Ամերիկյան պարբերականին տված հարցազրույցում Փաշինյանը խոսել է ՀԱՊԿ-ից, Ռուսաստանից հիասթափվածության մասին՝ ընդգծելով, որ Երևանն անվտանգության ոլորտում փնտրում է նոր գործընկերներ, քանի որ Ռուսաստանը չի կատարել է իր դաշնակցային պարտավորությունները։ Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձությունները Հայաստանին հանգեցրել են անվտանգության ոլորտում հարաբերությունների դիվերսիֆիկացման անհրաժեշտության որոշմանը։

«Եվրոպական Խորհրդարանի Ձեր խոսքում Դուք նշեցիք, որ հիասթափված եք ձեր որոշ դաշնակիցների վարքագծից։ Կարո՞ղ եք ավելի մանրամասնել, ըստ Ձեզ, ՀԱՊԿ-ի ձեր պաշտոնական դաշնակիցները, մասնավորապես Ռուսաստանը, ի՞նչ պետք է աներ այլ կերպ, և ի՞նչ ակնկալիքներ ունեք Ձեր արևմտյան դաշնակիցներից»,- հարցրել է լրագրողը։

«Մենք դրա մասին առաջին անգամ չէ որ խոսում ենք և խոսել ենք այն մասին, որ 2021 թվականի մայիսին,  2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանն ագրեսիվ գործողություններ է իրականացրել Հայաստանի նկատմամբ և տարածքներ է օկուպացրել: Հավաքական անվտանգության պայմանագրի մեջ և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրության մեջ հստակ նշված են այն գործողությունները, թե ինչ պետք է տեղի ունենա, երբ անդամ երկրի նկատմամբ ագրեսիա է տեղի ունենում: Նկարագրվածը տեղի չի ունեցել և, բնականաբար, դա հիասթափեցնող է և՛ Հայաստանի կառավարության, և՛ հայ հանրության համար:

Նաև Ռուսաստանի հետ մենք անվտանգության ոլորտում երկկողմ պայմանագիր ունենք, և այդ պայմանագրում նկարագրված գործողությունները նույնպես տեղի չեն ունեցել, ինչը նույնպես շատ լուրջ հարցեր է առաջացրել և՛ Կառավարության, և՛ հանրության շրջանում:  

Ինչ վերաբերում է այլ գործընկերների հետ հարաբերություններին, ավելի ճիշտ և անկեղծ կլինեմ, եթե ասեմ, որ ահա այս իրադրությունները, ըստ էության, մեզ բերել են մի որոշման, որ մենք պետք է մեր անվտանգային ոլորտի մեր հարաբերությունները  դիվերսիֆիկացնենք: Եվ մենք հիմա փորձում ենք դա անել»,- պատասխանել է Փաշինյանը:

«Բայց փաստացի հենց այս պահին դեռևս այդ պայմանագիրն ունեք Ռուսաստանի հետ, Հայաստանում կան ռուսական ռազմաբազաներ։ Ձեր կարծիքով՝ Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանում առավելությո՞ւն, թե խոչընդոտող հանգամանք է»,-հետաքրքրվել է լրագրողը:

«Գիտեք, գոնե այս պահին ես արդեն ասացի, իմ նկարագրած դեպքերի շրջանակներում մենք առավելությունները, ցավոք, չենք տեսել»,- նշել է ՀՀ վարչապետը՝ հավելելով, որ ներկայում ՀՀ-ից ՌԴ ռազմաբազաների դուրսբերման պահանջ ներկայացնելու հարց չի քննարկվում:

«Մենք հիմա ավելի շատ քննարկում ենք այլ հարցեր, փորձում ենք հասկանալ, թե ի՞նչն է նման իրադրության պատճառը, և, իհարկե, նաև կարծում եմ՝ սա Հայաստանի և Ռուսաստանի, Հայաստանի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միջև աշխատանքային քննարկումների օրակարգ կլինի»,-եզրափակել է նա: