Դիմել ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որպեսզի վերջինս թույլտվություն ձեռք բերի այցելելու ԼՂ և արձանագրելու պատմամշակութային նմուշները՝ դրանք նույնականացնելու համար․ Ֆրանսիայի մշակույթի նախարար

20:27 • 26.10.23

Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակի երկօրյա պաշտոնական այցի շրջանակում Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի նոր մասնաշենքի դահլիճում այսօր կայացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակի համատեղ ասուլիսը:

ԿԳՄՍ նախարարը, ողջունելով Ֆրանսիայի մշակույթի նախարարի այցը մեր երկիր, ընդգծել է, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև մշակութային համագործակցության շատ լայն շրջանակ կա, որն ընդգրկում է թե՛ ժամանակակից արվեստի, թե՛ մշակութային ժառանգության պահպանության ոլորտները: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ մշակութային ժառանգության պահպանության ոլորտը մեր կարևորագույն խնդիրներից է. այն հատկապես սուր է Լեռնային Ղարաբաղում հայկական պատմամշակութային ժառանգության վտանգման առումով։

«Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային ժառանգության հարցը Ֆրանսիայի մեր գործընկերների հետ քննարկումների հիմնական թեման է։ Փորձելու ենք գտնել միջազգային գործուն մեխանիզմներ, որոնք կօգնեն բարձրացնել իրազեկվածությունը և պաշտպանվածությունը: Այս օրերի ամենակարևոր խնդիրներից է՝ վստահ լինել, որ մշակութային ժառանգության պաշտպանվածության ամենատարրական խնդիրները Լեռնային Ղարաբաղում ապահովված են, բայց, ցավոք, մենք չունենք այդ վստահությունը, քանի որ 2020 թվականից ի վեր չի հաջողվում ԼՂ գործուղել միջազգային փաստահավաք առաքելություն, որը կկարողանար տեղում արձանագրել մշակութային ժառանգության հետ կապված իրավիճակը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ խնդիրն ավելի է սրվել 2023 թվականի սեպտեմբերի 19-ի իրադարձություններից հետո, երբ հայկական բնակչության բռնի տեղահանումից հետո 5000-ից ավելի հուշարձաններ և 20-ից ավելի թանգարաններ մնացել են Լեռնային Ղարաբաղի տարածքում:

«Այս արժեքների պաշտպանությունը մեր ամենակարևոր խնդիրներից է: ԼՂ-ից հայ բնակչության բռնի տեղահանման հետևանքով տեսնում ենք, որ վտանգված է նաև ոչ նյութական ժառանգության պահպանության հարցը»,- նշել է ԿԳՄՍ նախարարը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում գտնվող հայկական պատմամշակութային ժառանգության պաշտպանության հարցին՝ Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակը նշել է, որ հարցը միջազգային հարթակներում բարձրաձայնելու համար ֆրանսիական կողմը պատրաստ է ներդնել առավելագույն ջանքեր:

Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի նախարարը նշել է, որ իրենք պաշտոնական հայցով դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որպեսզի վերջինս թույլտվություն ձեռք բերի այցելելու Լեռնային Ղարաբաղ և արձանագրելու բոլոր պատմամշակութային նմուշները՝ դրանք նույնականացնելու համար:

Ֆրանսիայի մշակույթի նախարարը տեղեկացրել է՝ պատվիրակության կազմում են նաև ALIPH ասոցիացիայի ներկայացուցիչները, որոնք զբաղվում են պատմամշակութային ժառանգության պահպանման հարցերով: Ֆրանսիայի կառավարության տրամադրած ֆինանսական միջոցներով ALIPH ասոցիացիան կարողացել է արբանյակային տարբեր պատկերներ, լուսանկարներ նույնականացնել, և արդեն ձևավորվել է Լեռնային Ղարաբաղում մնացած ժառանգության տվյալների բազան: