Աջակցելով՝ արցախահայությանը․ արտահերթ կազմակերպված Career City Fest-ն արդեն իրականություն է (տեսանյութ)

12:20 • 28.10.23

Career City Fest-ը, որ համախմբում է երկրի լավագույն գործատուներին մեկ հարթակում, այս տարի իրականացվեց արտահերթ ու հատուկ ձևաչափով։ Արտահերթ, քանի որ այն նպատակ ունի առաջին հերթին աջակցել Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին՝ աշխատանքի, կրթության, սոցիալական ոլորտներում, օգնելու նրանց ճիշտ կողմնորոշվել Հայաստանի աշխատաշուկայում։

Հոկտեմբերի 26-ին Մերիդիան էքսպո կենտրոնում 70-ից ավելի ընկերություններ, կրթական հաստատություններ և կազմակերպություններ ներկայացրին իրենց ազատ հաստիքները և աջակցության ծրագրերը։

Career City Fest-ի աջակիցներից է Imagine Live-ը, որը բաց է մասնագետներին աշխատանքային պայմաններով ու զարգացման նոր հնարավորություններով ապահովելու հարցում և ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը`Ամերիաբանկը։

Բազմաթիվ ընկերությունների կողքին պետությունը՝ իր առանձին հաստատություններով, ևս ներկայացել է ցուցահանդեսին՝ որպես գործատու։

«Skill event marketing» ընկերության հիմնադիր Սերգեյ Ուսնունցի խոսքով՝ այս ձևաչափը կամուրջ է ստեղծում աշխատանք փնտրողի և գործատուի միջև, շփվելու ու փոխհարաբերվելու հնարավորություն տալիս

Միջոցառման կարևոր մասն էր պանելային քննարկումը, որտեղ ոլորտի մասնագետները ներկայացնում էին առանցքային մի շարք հիմախնդիրներ և դրանց լուծման ուղիները։ Կոնֆերանսի առաջին հատվածում ներկայացվեց ՀՀ 2023-30 թթ զբաղվածության ռազմավարությունը, աշխատաշուկայի փոփոխություններն ու դինամիկան, մարտահրավերներն ու հնարավորությունները։

Արտահերթ Career City Fest-ի շրջանակում անցկացվեց նաև Career City Fest քաղաքային խորհրդի առաջին նիստը` Career City Fest-ի քաղաքապետ Արամ Փախչանյանի գլխավորությամբ։

Քաղաքային խորհուրդի անդամները տարբեր ոլորտի փորձագետներ են, ովքեր օգնելու են լավագույն գործատուների փառատոնի կազմակերպչական թիմին դարձնել ապագա միջոցառումն ավելի բազմաբովանդակ և արդյունավետ։

Tert.am-ը Career City Fest-ի աջակիցների շարքում էր և ցուցահանդեսին ներկայացավ իր առանձնացված տաղավարով, որտեղ հարցազրույցներ արեց բիզնես ոլորտի, ինչպես նաև պետական տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների հետ։ Ոլորտի մասնագետները տաղավարում խոսեցին արցախցիներին Հայաստանի տնտեսության մեջ ինտեգերելու հնարավոր ուղիների, ինչպես նաև աշխատաշուկայի հիմնական փոփոխությունների, զբաղվածության ռազմավարության, մարտահրավերների ու հնարավորթյունների մասին։