Ալիևը շնորհավորել է Էրդողանին Թուրքիայի Հանրապետության 100-ամյակի առիթով

20:16 • 28.10.23

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ (հիմնադրման օրը համարվում է 1923 թվականի հոկտեմբերի 29-ը):

«Որպես եղբայրական երկիր՝ մենք մեծ հպարտություն և ուրախություն ենք ապրում՝ տեսնելով, թե ինչպես է ժամանակակից Թուրքիան օրեցօր հզորանում է և իր արժանի տեղը գրավում ամենազարգացած երկրների շարքում։ Ադրբեջանական ժողովրդի ազգային առաջնորդ Հեյդար Ալիևի հայտարարությունը՝ «մեկ ազգ, երկու պետություն», արտահայտում է մեր ժողովուրդների եղբայրությունը, միասնությունն ու համերաշխությունը և արտացոլում է մեր երկկողմ հարաբերությունների իրական բնույթը։ Հպարտությամբ ուզում եմ նշել, որ որպես այս փիլիսոփայության ապացույց՝ Ադրբեջանն ու Թուրքիան հիմա աշխարհում ամենամոտ երկրներն ու դաշնակիցները»,- նշվում է Ալիևի շնորհավորական ուղերձում:

Ալիևը վստահեցրել է, որ ադրբեջանական ժողովուրդը երբեք չի մոռանա «Հայրենական պատերազմի ընթացքում և դրանից հետո եղբայրական թուրքական պետության և ժողովրդի միանշանակ քաղաքական աջակցությունն ու վճռական դիրքորոշումն Ադրբեջանի արդար գործի և տարածքային ամբողջականության վերականգնման հարցում»։