Գեղարքունիքում բախվել են Ford Transit-ն ու Toyota Camry-ն. վերջինում հրդեհ է բռնկվել. կա 1 զոհ. 3 վիրավոր shamshyan.com

10:49 • 29.10.23

Երեկ՝ հոկտեմբերի 28-ին, ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 22:20-ի սահմանում Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 33 կմ հատվածում բախվել են Լոռու մարզի բնակիչ, 34-ամյա Հ․ Ջումայանի վարած Ford Transit և Երևանի բնակիչ, 20-ամյա Յ․ Ղազարյանի վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենաները: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Յ․ Ղազարյանը դեպքի վայր ժամանած «Ճամբարակ» ամբուլատոր կենտրոնի շտապօգնության ավտոմեքենայով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, իսկ Toyota-ի մյուս ուղևորներ, Սյունիքի մարզի բնակիչ, 23-ամյա Հ․Առուշանյանը, Ford Transit-ի վարորդ Հ. Ջումայանը և Ford Transit-ի ուղևոր, Լոռու մարզի բնակիչ, 29-ամյա Ն․ Ջումայանը ստացել են մարմնական վնասվածքներ և տեղափոխվել են «Ճամբարակ» ամբուլատոր կենտրոն:

Բախման հետևանքով Toyota-ն բռնկվել է:Դեպքի վայր ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Ճամբարակի հրշեջ փրկարարները մարել են ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի:

Շամշյանի տեղեկություններով, Ford-ի վարորդ Հ. և Ն. Ջումայանները հարազատ եղբայրներ են, վերջինս էլ ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, որպես պայմանագրային զինծառայող, իսկ վիրավորներից Հ. Առուշանյանը աշխատում է «Մաստեր բրոկ» ՍՊԸ-ում, որպես բրոկեր: