Թբիլիսյան խճուղում ավտովթարի մեջ հայտնվածների մի քանի հարազատներ հարձակվել են վիրավորներին օգնող շտապօգնության բժիշկների ու պարեկների վրա. Shamshyan.com
Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ավտովթարի ենթարկված մի խումբ անձինք ու նրանց հարազատները հարձակվել են իրենց օգնության հասած շտապօգնության բժիշկների և Երևան քաղաքի գնդի պարեկների վրա` տալով հայհոյանքներ, հարվածելով պարեկներին, բժիշկներին և վնասելով շտապօգնության ավտոմեքենան:
Ժամը 23:00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղի 29/3 հասցեի մոտ ВАЗ 2105 մակնիշի ավտոմեքենան, ըստ նախնական տեղեկությունների, որը վարել է Կոտայքի մարզի բնակիչ, 66-ամյա Սուրեն Հովհաննիսյանը, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել արտաքին լուսավորության երկաթե էլեկտրասյանը:
Վթարի հետևանքով վարորդը, ուղևորներ՝ 60-ամյա Նվարդ Հովհաննիսյանը և 57-ամյա Էմմա Խաչատրյանը, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, բժիշկների կողմից անհրաժեշտ բուժօգնություն են ստացել, ապա տեղափոխվել «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ:










