Այն, ինչ կատարվում է դատարանում, ոչնչով չի տարբերվում Բաքվի դատարաններում տեղի ունեցողից․ Արմեն Աշոտյան

14:13 • 30.10.23

Այն, ինչ կատարվեց անցյալ նիստում այս դահլիճում և կատարվում է ՀՀ այլ դահլիճներում, բովանդակությամբ ոչնչով չէր տարբերվում մեր հայրնեկիցների և Արցախի ռազմաքաղաքական վերնախավի նկատմամբ Բաքվի դատարաններում տեղի ունեցող վակխանալիայից։

Այս մասին դատարանում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ նկատելով, որ միայն աշխատանքային լեզուն էր տարբեր։

«Նախորդ նիստերից բոլորը հասկացան, որ այս նիստը ոչ միայն փուչիկ է, այլն նաև քաղաքական հետապնդում և չարամտություն»,- հավելեց Աշոտյանը։

Դատավորն ընդհատեց Աշոտյանին՝ հորդորելով խոսել ըստ էության։ Արմեն Աշոտյանն էլ հակադարձեց, որ ըստ էության է խոսում։ Դատավորն ու Աշոտյանը սկսեցին վիճաբանել։

«Դուք կարող եք որոշել ընթացքը, բայց չեք կարող որոշել իմ մտքի, խղճի, արտահայտվելու ազատությունը։ Ադրբեջանական բառը վիրավորանք է, հասկանանք, որ վիրավորանք է, Դուք ճիշտ եք, Նիկոլը՝ սխալ։ Գործող վարչախումբը ադրբեջանական դատարանների որոշումներին տվեց ճիշտ ձևակերպում», - նշեց Աշոտյանը։

Հիշեցնենք, որ ՀՀԿ փոխնախագահ Աշոտյանը կալանավորված է։

Ըստ մեղադրանքի՝ նա և Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը մեղադրվում են բուհին պատկանող մոտ 100 հազար դոլարի գույք հափշտակելու մեջ:

Նրանց մեղադրում են «Ծովասար» հյուրանոցային համալիրի քոթեջները ուռճացված գներով ձեռք բերելու համար այն ժամանակահատվածում, երբ ՀՀԿ փոխնախագահը գլխավորել է բուհի հոգաբարձուների խորհուրդը: