Դրսից փորձում են ապակայունացնել իրավիճակը Դաղստանում. երկրի ղեկավարը՝ Մախաչկալայի օդանավակայանում միջադեպի մասին
Դաղստանի Հանրապետությունում իրավիճակն ապակայունացնելու փորձերն արվում են դրսից, այդ թվում՝ ուկրաինամետ Telegram ալիքների միջոցով, երկուշաբթի լրագրողներին ասել է Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիքովը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Դաղստանում իրավիճակն ապակայունացնելու փորձերը, այդ թվում՝ կիրառելով արգելված մեթոդներ՝ կապված էթնիկ ատելության և միջկրոնական խնդիրների բորբոքման հետ, իրականացվում են մեր թշնամիների, մեր երկրի հակառակորդների կողմից»,- ասել է նա։
Մելիքովի խոսքով՝ Telegram ալիքներից մեկը, որը հրապարակում է շրջանի բնակիչներին հանրահավաքների գնալու կոչեր, վերահսկվում է դրսից։
«Այսօր մենք ստացել ենք բացարձակ հավաստի տեղեկատվություն, որ «Утро Дагестана» ալիքը կառավարվում և կարգավորվում է Ուկրաինայի տարածքից՝ դավաճանների, բանդերականների կողմից», - հավելել է հանրապետության ղեկավարը։
Նա նաև նշել է, որ Մախաչկալայի օդանավակայանում տեղի ունեցած անկարգությունների հետեւանքով երկու ոստիկան է վիրավորվել։ Մելիքովը օդանավակայանում տեղի ունեցած անկարգություններն անվանել է «ցինիզմ» և «դավաճանություն»։
«Այստեղ կուզենայի խոսել ցինիզմի և դավաճանության մասին, քանի որ երեկվա գործողությունը դանակով հարված է մեր զինծառայողների թիկունքին, որոնք այսօր մեր ամբողջ երկիրը պաշտպանում են հատուկ ռազմական գործողության գոտում: Պարզվում է, որ ոմանք կռվում են մեր թշնամու դեմ, իսկ նրանք, ովքեր գնացել են, այսպես կոչված, բողոքի ակցիայի, խաղացել են թշնամու համար, սա միայն դավաճանություն կարելի է անվանել»,- ասել է նա։
Կիրակի երեկոյան Red Wings ավիաընկերության Թել Ավիվի - Մախաչկալա չվերթը սպասարկող ինքնաթիռի ժամանումից հետո մարդկանց ամբոխը ներխուժել է Մախաչկալայի օդանավակայանի թռիչքուղի՝ փնտրելով Իսրայելի քաղաքացիներին։ Միևնույն ժամանակ Իսրայելի ազգային անվտանգության խորհուրդը հայտարարել է, որ Թել Ավիվից Մախաչկալա թռչող ինքնաթիռում հրեաներ կամ իսրայելցիներ չեն եղել:
Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ մարդկանց ներխուժումից հետո զանգվածային անկարգություններ են սկսվել, ինչի հետևանքով կան տուժածներ։
Միջադեպի հետևանքով բոլոր այն ինքնաթիռները, որոնք պետք է ժամանեին Դաղստանի մայրաքաղաք, վայրէջք են կատարել այլընտրանքային օդանավակայաններում։
Ցուցարարների՝ օդանավակայանի տարածք ներխուժումից հետո դեպքի վայրեն ժամանել իրավապահներ, ինչից հետո բախումներ են սկսվել։ Միջադեպի հետևանքով կան տուժածներ ինչպես քաղաքացիական անձանց շրջանում, այնպես էլ ոստիկանների։ Դաղստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ երկու մարդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Ընդհանուր առմամբ՝ ստացիոնար բուժում է ստանում 10 մարդ, ևս 10 մարդ դիմել է ամբուլատոր բուժօգնության համար։
ՆԳՆ Հյուսիսային Կովկասի դաշնային օկրուգի գլխավոր վարչությունը հայտարարել է, որ անկարգություններին մասնակցող բոլոր անձանց ինքնությունը կպարզվի տեսախցիկների միջոցով, բոլոր մեղավորները պատասխանատվության կենթարկվեն։ Տեղի իշխանություններն ընդգծել են, որ օդանավակայանում իրավիճակը վերահսկելի է։ Միջադեպից հետո տարածաշրջանային կառավարությունը հայտարարել է շուրջօրյա գործողության անցնելու և օպերատիվ շտաբ ստեղծելու մասին, իսկ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար։
Միջադեպից հետո ՌԴ օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը հայտարարել է օդանավակայանը մինչև նոյեմբերի 6-ը փակելու մասին, սակայն ավելի ուշ հաղորդվել է, որ այն կարող է բացվել լույս հոկտեմբերի 31-ի գիշերը։
«Օդանավերի ընդունման համար Մախաչկալայի օդանավակայանի ժամանակավոր փակման ժամկետը կպահպանվի նախապես մինչև 2023 թվականի հոկտեմբերի 31-ի ժամը 02։59-ը (Մոսկվայի ժամանակով)»,- ասված է Ռոսավիացիայի թելեգրամյան ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։










