«3+3» ձևաչափը Թբիլիսիի համար անընդունելի է Ռուսաստանի պատճառով. Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ

14:19 • 01.11.23

Այսպես կոչված «3+3» ձևաչափը մեզ համար անընդունելի է Ռուսաստանի պատճառով. այս մասին Վրաստանի Հանրային հեռուստաալիքի եթերում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն։

«Մենք ցանկանում ենք տարածաշրջանում առաջնորդի դեր ստանձնել: Հենց այստեղից են բխում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստելու մեր ջանքերը: Ինչ վերաբերում է այսպես կոչված «3+3» ձևաչափին, ապա այստեղ մենք ունենք շատ հստակ դիրքորոշում, քանի դեռ Վրաստանի օկուպացված տարածքները չեն ապաօկուպացվել Ռուսաստանի կողմից, և Ռուսաստանը չի ճանաչել Վրաստանի տարածքային ամբողջականությունը, մենք չենք մասնակցի այդ ձևաչափին, բայց դա չի նշանակում, որ մենք չենք զարգացնի երկկողմ հարաբերություններ Թուրքիայի հետ և չենք փորձի հաստատել եռակողմ հարաբերությունների ձևաչափ Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի մասնակցությամբ: Երբ այս, այսպես կոչված, ձևաչափի մի երկիր կոպտորեն խախտում է մեր երկրի տարածքային ամբողջականությունը և օկուպացնում է մեր երկրի մի մասը, բնականաբար, այդ ձևաչափին մասնակցելն անիմաստ է»,- նշել է Սամխարաձեն։