Մինչև ե՞րբ են սխալ կատարված վճիռների համար ՀՀ քաղաքացիները միջազգային ատյաններին վճարելու 10 միլիոն դոլար․ Գևորգ Պապոյան
Միջազգային դատարաններում, միջազգային արբիտրաժներում և այլ միջազգային ատյաններում ՀՀ շահերի ներկայացում և պաշտպանություն, դրանց կողմից ընդունված վճիռների և որոշումների կատարման մեջ 1․8 միլիարդից 3․8 միլիարդ անցում ունենք, սա ինչի՞ հետևանք է և ո՞ր տարիների վճիռներն են, որոնց սխալ կատարման համար ՀՀ քաղաքացիները այս տարի պետք է վճարեն մոտ 4 միլիարդ դրամ, կամ 10 միլիոն դոլար։ Սա մինչև ո՞ւր է գնալու։
Այս մասին ԱԺ-ում 2024թ-ի բյուջեի ծրագրի ներկայացման ժամանակ, հարց ուղղելով վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմենակ Խաչատրյանին, ասաց իշխանական պատգամավոր Գևորգ Պապոյանը։
«Ձեր նշած ծրագիրը բաղկացած է երկու միջոցառումից, դրա գերակշիռ մասը վերաբերում է ՀՀ շահերի ներկայությանն ու պաշտպանությանը, հենց այս միջոցառման գծով ավելի մեծ ավելացում ունենք, այսինքն 1․8 միլիարդ դրամը վերաբերում է տարբեր արբիտրաժային դատարաններում ՀՀ շահերի պաշտպանությանը։
Սա իրենից ենթադրում է որոշակի խորհրդատվական ծառայությունների ձեռքբերում։
Իսկ ինչ վերաբերում է վճիռների մասով համապատախան փոխհատուցումների իրականացմանը, ապա այս մասով ավելացումը 10 միլիոն դրամի չափով է՝ 2023 թվականի հաստատված բյուջեի նկատմամբ։
Ձեր նշած գծով ավելացումը կազմում է 210 միլիոն դրամ»,- ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմենակ Խաչատրյանը։










