Վրաստանը ցանկանում է, որ Թբիլիսին լինի այն վայրը, որտեղ կստորագրվի մեծ խաղաղության պայմանագիրը. Նիկոլոզ Սամխարաձե

14:46 • 01.11.23

Վրաստանը ցանկանում է, որ Թբիլիսին լինի այն վայրը, որտեղ կստորագրվի մեծ խաղաղության պայմանագիրը. այս մասին Վրաստանի Հանրային հեռուստաալիքի եթերում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն։

Նա այս մասին ասել է «3+3» ձևաչափի (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Ռուսաստան, Իրան, Թուրքիա)՝ Թբիլիսիի համար անընդունելի լինելու մասին խոսելիս:

«Այսպես կոչված «3+3» ձևաչափը մեզ համար անընդունելի է Ռուսաստանի պատճառով, բայց դա չի նշանակում, որ մենք խոչընդոտում ենք ներքին կովկասյան գործընթացները։ Ընդհակառակը, մենք ցանկանում ենք, որ Թբիլիսին լինի այն վայրը, որտեղ կստորագրվի մեծ խաղաղության պայմանագիրը»,- ասել է Սամխարաձեն։

«Մենք ցանկանում ենք տարածաշրջանում առաջնորդի դեր ստանձնել: Հենց այստեղից են բխում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստելու մեր ջանքերը: Ինչ վերաբերում է այսպես կոչված «3+3» ձևաչափին, ապա այստեղ մենք ունենք շատ հստակ դիրքորոշում, քանի դեռ Վրաստանի օկուպացված տարածքները չեն ապաօկուպացվել Ռուսաստանի կողմից, և Ռուսաստանը չի ճանաչել Վրաստանի տարածքային ամբողջականությունը, մենք չենք մասնակցի այդ ձևաչափին, բայց դա չի նշանակում, որ մենք չենք զարգացնի երկկողմ հարաբերություններ Թուրքիայի հետ և չենք փորձի հաստատել եռակողմ հարաբերությունների ձևաչափ Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի մասնակցությամբ: Երբ այս, այսպես կոչված, ձևաչափի մի երկիր կոպտորեն խախտում է մեր երկրի տարածքային ամբողջականությունը և օկուպացնում է մեր երկրի մի մասը, բնականաբար, այդ ձևաչափին մասնակցելն անիմաստ է»,- հավելել է Սամխարաձեն։