Համացանցում տարածվել է Վրաստանի և Ռուսաստանի պաշտոնյաների «կուլիսային բանակցությունների» ձայնագրությունը. վրացական կողմը հաստատել է դրա իսկությունը
Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հաստատել է ՌԴ Դաշնության Խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար, ՌԴ ԱԳ նախկին փոխնախարար Գրիգորի Կարասինի հետ՝ մեդիադաշտում տարածված հեռախոսազրույցի ձայնագրության իսկությունը։
Ինչպես նշում է ekhokavkaza.com-ը, Cyber Kmara յութուբյան ալիքը հրապարակել է աուդիո ձայնագրություն, որից պարզ է դառնում, որ Վրաստանի և Ռուսաստանի միջև ուղիղ թռիչքների վերականգնման մասին խոսակցությունները տեղի են ունեցել Ուկրաինա ռուսական ներխուժման սկսվելուց հետո։
Սենատոր Գրիգորի Կարասինը Զուրաբ Աբաշիձեին հայտնել է տրանսպորտի ոլորտի ռուս աշխատողների դիրքորոշումը, ըստ որի՝ անհրաժեշտ է Վրաստանի հետ քննարկել օդային և ցամաքային հաղորդակցության հարցերը։
«Իմ կարծիքն այն է, որ հիմա, հավանաբար, մի փոքր ժամանակավրեպ է այդ հարցը բարձրացնելն ու քննարկելը… Գուցե ես սխալվում եմ…», - ասել է Կարասինը:
«Ոչ, միանգամայն ճիշտ է», - պատասխանել է Աբաշիձեն:
«Ավելի լավ է մի փոքր սպասենք... մինչև իրավիճակը մի քիչ պարզվի»,- շարունակել է Կարասինը։
«Այո, միանշանակ…»,- համաձայնել է Աբաշիձեն:
Աբաշիձեն ասել է, որ այս խոսակցությունը տեղի է ունեցել 2022 թվականի մարտին, այսպես կոչված, «Պրահայի ձևաչափի» շրջանակում, որտեղ կողմերը քննարկում են տրանսպորտի, առևտրի և հումանիտար հարցեր:
«Հեռախոսազրույցը, որն այժմ հրապարակվել է, տեղի է ունեցել անցյալ տարվա մարտին։ Նա հարցրեց իմ կարծիքը, և ես հաստատեցի, որ տեղին չէ սկսել խոսել երկու երկրների միջև օդային հաղորդակցության վերականգնման մասին։ Սա վկայումն է այն բանի, որ Վրաստանի հետ օդային հաղորդակցությունը վերականգնելու հիմնարար որոշումը ռուսական կողմը կայացրել է ավելի ուշ և ինքնուրույն, ինչի մասին մենք խոսում ենք ամբողջ ժամանակ»,- ասել է Աբաշիձեն։
Սա վերջին զրույցն էր Գրիգորի Կարասինի հետ այս թեմայով, ասել է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների գծով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչը։










