Վանաձորում քաղաքացին դիմել է քննչական վարչություն՝ հայտնելով գողության մասին, իսկ դեպքի վայր ժամանած պարեկն իր հերթին գողացել է ոսկյա թանկարժեք զարդեր․ Shamshyan.com

20:15 • 01.11.23

Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում  նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ Քր. օր.-ի 254 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օգոստոսի 24-ին Լոռու մարզային քննչական վարչություն է դիմել Վանաձոր քաղաքի բնակիչ 50-ամյա Գյուլնարա Ավետիսյանը և հայտնել, որ 1 օր առաջ Նարեկացի փողոցում գտնվող իրեն պատկանող բնակարանից գողություն է կատարվել և ինքը ահազանգել էր ոստիկանություն: 

Ահազանգով ժամանել էին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկներ և նրանց այցից հետո ինքը հայտնաբերել է, որ իր բնակարանի ննջասենյակից գողացել են իրեն պատկանող ոսկյա զարդեր: 

Աղբյուրի տեղեկություններով՝ Լոռու մարզային քննչական վարչությունում և Ոստիկանության Տարոնի բաժնում Գ. Ա.-ն հայտնել է, որ գողացել են 1 մլն 500 հազար դրամի արժողության ոսկյա շղթա, 1000 ԱՄՆ դոլար արժողության 1 ոսկյա կանացի մատանի, 30 հազար դրամ արժողության 1 կանացի մատանի և 20 հազար դրամ արժողության 1 ոսկյա մատանի: 

Տուժածը ոստիկանությունում և քննչական վարչությունում հայտնել է նաև, որ ինքը նշված գողության մեջ կասկածում է պարեկի:

Աղբյուրի տեղեկություններով՝ կասկածյալը ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ՊԾ Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկ Հրաչյա Հակոբյանն է: