Ապացույցներն անհերքելի են. Amnesty International-ը հաստատել է Իսրայելի կողմից Գազայում և Լիբանանում սպիտակ ֆոսֆորի օգտագործումը

17:08 • 02.11.23

Իսրայելի կողմից Գազայում և Լիբանանում սպիտակ ֆոսֆորի օգտագործումը ստուգվել է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության կողմից, Sky News-ին ասել է կազմակերպության ճգնաժամային հարցերով ավագ խորհրդականը:

Դոնաթելլա Ռովերան ասել է, որ իր կազմակերպությունը տեղորոշել է Գազայի և Լիբանանի նկատմամբ այդ զենքերի կիրառման կադրերը, և խոսել է բժիշկների հետ, որոնք Լիբանանում ինը հոգու բուժել են սպիտակ ֆոսֆորի վնասվածքներից:

Աղբյուրը նկատում է, որ երբ անցյալ ամիս Human Rights Watch-ի զեկույցում նման պնդումներ են արվել, Իսրայելի պաշտպանության ուժերը հերքել են սպիտակ ֆոսֆորի օգտագործումը:

«Մենք տեղորոշել և ստուգել ենք տեսանյութեր, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են սպիտակ ֆոսֆորով հրետանային արկերն արձակվում Գազայի և Լիբանանի վրա: Ապացույցները միանգամայն անհերքելի են», - ասել է Ռովերան:

«Սա ամենաինտենսիվ և մահացու հակամարտություններից է, որ մենք տեսել ենք վերջին ժամանակներում», - հավելել է Amnesty Internationalճի ներկայացուցիչը: