Բայդենը չի կարծում, որ Իսրայելը Գազայում անտեսում է միջազգային հումանիտար իրավունքի նորմերը․ Սպիտակ տուն

22:52 • 02.11.23

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի կարծում, որ Գազայի հատվածի հետ կապված իրավիճակի հարցում Իսրայելն անտեսում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը։ Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին։

Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ լրագրողները Քիրբիի ուշադրությունն են հրավիրել այն փաստին, որ Բայդենն իր հայտարարություններում հաճախ կոչ է անում Իսրայելին պահպանել «պատերազմի միջազգային օրենքները»։ Հարցին՝ արդյոք դա նշանակում է, որ ԱՄՆ ղեկավարի կարծիքով իսրայելական կողմը չի հետևում այդ օրենքներին, Սպիտակ տան ներկայացուցիչը բացասական պատասխան է տվել։

«Ո՛չ», - ասել է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան՝ միաժամանակ նշելով, որ Վաշինգտոնն ակնկալում է, որ Իսրայելը, ռազմական գործողություն իրականացնելով պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դեմ, «կանի հնարավոր ամեն ինչ Գազայի խաղաղ բնակչության շրջանում զոհերը նվազագույնի հասցնելու համար»։