Նեպալում նախօրեին տեղի ունեցած երկրաշարժն առնվազն 128 մարդու կյանք է խլել
Նախօրեին Նեպալի և Հնդկաստանի սահմանին տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով Նեպալում զոհվել է առնվազն 128 մարդ։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ Mint թերթին հղումով, ենթադրվում է, որ զոհերի թիվը կաճի, քանի որ մի շարք լեռնային շրջանների հետ կապը խաթարվել է։
Բացի այդ, ոստիկանության ներկայացուցիչը AFP գործակալությանը հայտնել է, որ ևս առնվազն 100 մարդ տուժել է ստորգետնյա ցնցումների հետևանքով։
Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 3-ին, Հնդկաստանի ու Նեպալի սահմանին 6,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Նեպալի՝ մոտ 9 հազար բնակչություն ունեցող Ջումալա քաղաքից 36 կմ հարավ-արևելք և 182 հազար բնակչություն ունեցող հնդկական Բահրայչ քաղաքիc 166 կմ հյուսիս-արևելք։
Ստորգետնյա ցնցումները զգացվել են անգամ Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում, որտեղ, ըստ ականատեսների, շենքեր էին ցնցվում։










