Մեր տեղահանված հայրենակիցների համար ՀՀ-ում գործում է պետպատվերի՝ գոյություն ունեցող ամենալայն փաթեթը․ Անահիտ Ավանեսյան
ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցների համար Հայաստանում գործում է պետական պատվերի՝ գոյություն ունեցող ամենալայն փաթեթը։
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Սա նշանակում է, որ ամբուլատոր օղակում ամբողջ ծավալով և հիվանդանոցային բժշկական ծառայություններում նրանց անվճար տրամադրվում է բուժօգնություն՝ ըստ պետպատվերի գործող մեր ծրագրերի։
Անձը պետք է կցագրվի պոլիկլինիկայում, ստանա անհրաժեշտ ամբուլատոր ծառայությունները, բայց, եթե ունի վիրահատության կամ հիվանդանոցային բուժօգնության կարիք, ուղեգրի պարագայում դա կստանա նաև այնտեղից»,- ասաց նախարարը։
Ավանեսյանը նշեց, որ պետք է ճիշտ ձևակերպեն պետպատվերի երաշխիքները, որպեսզի արցախցիների շրջանում սխալ ակնկալիքներ չլինեն։
Նրա խոսքով՝ գործող պետպատվերի ողջ ծավալը հասանելի է արցախցիներին։










