Տեսածս մոռանալու համար ինձնից մի կյանք կպահանջվի. Գազայում աշխատած բժիշկ
Բրիտանացի վիրաբույժը, որին հաջողվել է ապահով դուրս գալ Գազայի հատվածից, պատմել է պատերազմական գոտում աշխատելու ընթացքում տեսած սարսափելի իրավիճակի մասին, որը, իր կարծիքով, «աղետից էլ ահավոր է»:
67-ամյա բժիշկ Աբդել Համադը՝ Լիվերպուլի թագավորական հիվանդանոցից, Գազայի հատվածում աշխատել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության անունից: Վիրաբույժը, որն անցյալ ամիս մեկնել էր Գազա բժիշկներին օգնելու համար, վերջապես կարողացել է ուրբաթ գիշերը լքել Գազայի հատվածը՝ հարավային «Ռաֆահ» անցակետով մտնելով Եգիպտոս:
Համադը The Times-ին ասել է, որ թեև այնտեղից հեռացել է, սակայն սարսափները, որոնց ականատես է եղել, չի մոռացել: Նա նկարագրել է թշվառության և ավերածությունների տեսարանները:
«Երբ քայլում էի Գազայի փլատակների միջով, զգում էի դրանց տակ մնացած բազմաթիվ մարմինների հոտը: Դա մոռանալու համար ինձնից մի կյանք կպահանջվի»,- պատմել է նա։
Բժիշկը նաև պատմել է իրենց հարազատներին, տները, ապրուստի միջոցները պատերազմի հետևանքով կորցրած երեխաների, մայրերի, տատիկների՝ ամբողջ ընտանիքների հետ աշխատելու սարսափների մասին:
Գազայի հատվածում Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ հոկտեմբերի 7-ից ի վեր հակամարտության ընթացքում ավելի քան 9,700 պաղեստինցի է զոհվել, որոնցից ավելի քան 4,000-ը՝ երեխաներ և անչափահասներ:
Մինչդեռ Իսրայելում զոհվել է ավելի քան 1400 մարդ:



















