Չեմ կարող ասել՝ երբ քաղաքացիները կստանան կենսաչափական անձնագիր, մրցույթը դեռ չի կայացել․ Միգրացիոն ծառայության պետ
Կարող եք ասել՝ մինչև ո՞ր թիվը, ո՞ր ամիսը ՀՀ բոլոր քաղաքացիները առանց հերթերի ու խոչընդոտների կստանան կապույտ կամ կենսաչափական անձնագիր անձնագիր։ Ասեք՝ 2048թ կամ 2050թ, կոնկրետ ժամկետ կարող եք ասե՞լ։
Այս մասին ԱԺ-ում դիմելով Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Եթե խոսքը գնում է կենսաչափական անձնագրերի մասին, ապա ոչ, չեմ կարող ասել, որովհետև մինչև պետություն-մասնավոր գործընկերության հիման վրա մրցույթը չկայանա և մենք չիմանանք, թե կոնկրետ որ գործընկերոջ հետ ենք աշխատում ու որքան ժամանակով է հնարավոր տեխնիկապես ներդնել այդ համակարգը, ես այդ հարցին չեմ կարող պատասխանել»,- ասաց Արմեն Ղազարյանը։
Նա նշեց, որ ինտենսիվորեն ներգրավված են այդ համակարգի ներդրման աշխատանքներում։
«Տարիներ շարունակ Հայաստանի անձնագրային համակարգի վրա ներդրում չի կատարվել, համակարգը չի արդիականացվել և հիմա արդիականացման ճանապարհը ընտրվել է պետություն-մասնավոր գործընկերության միջոցով։
Մինիմալ ներդրմամբ, որ այս համակարգը այսքան գոյատևել է, եղել է աշխատակիցների ջերմեռանդության շնորհիվ»,- ասաց Միգրացիոն ծառայության պետը։










