Պուտինն առաջադրվելու է 2024-ի ընտրություններին. Reuters

14:36 • 06.11.23

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշել է մասնակցել մարտին կայանալիք նախագահական ընտրություններին, որոնք հաղթելու դեպքում իշխանության ղեկին կմնա մինչև 2030 թվականը. այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով 6 աղբյուրի: 

Նրանց փոխանցմամբ՝ Կրեմլի ղեկավարը կարծում է, որ ինքը պետք է Ռուսաստանն առաջնորդի վերջին տասնամյակների ամենավտանգավոր ժամանակաշրջանում:

Աղբյուրները, որոնք անանուն մնալու պայմանով զրուցել են Reuters-ի հետ, ասել են, որ Պուտինի խորհրդականներն այժմ պատրաստվում են քարոզարշավին:

«Որոշումն ընդունված է՝ նա առաջադրվելու է», - ասել է աղբյուրներից մեկը։ Մեկ այլ աղբյուր ասել է, որ որոշման մասին կհայտարարվի մի քանի շաբաթվա ընթացքում:

ՏԱՍՍ-ն իր հերթին գրում է, որ Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով այս տեղեկությունը, ասել է, որ Պուտինը դեռ չի հայտարարել իր թեկնածությունն առաջադրելու մասին:

«Պուտինը դեռ որևէ հայտարարություն չի արել այս հարցի վերաբերյալ, քարոզարշավի մասին դեռ պաշտոնապես չի հայտարարվել», - ասել է Կրեմլի խոսնակը: