Գազայի հատվածի հարավում բոլոր հիվանդանոցները շարունակում են գործել․ Պաղեստինի առողջապահության նախարար

18:33 • 08.11.23

Գազայի հատվածի հարավում բոլոր հիվանդանոցները գործում են։ Այս մասին Sky News Arabia հեռուստաալիքի հետ զրույցում հայտնել է Պաղեստինի առողջապահության նախարար Մեյ Քայլեն։

«Հարավում բոլոր հիվանդանոցները շարունակում են գործել», - հայտարարել է նա, ապա շարունակել, -«Կցանկանայի նաև նշել, որ ամբողջ օգնությունը, որը տրամադրվում է Գազայի հատվածին, թեև դա չնչին քանակի է և անգամ մի կաթիլ էլ չէ օվկիանոսում, ցավոք, Իսրայելի կարգադրությամբ ուղղվում է դեպի հարավ»։

Միևնույն ժամանակ, անդրադառնալով Գազայի հատվածում հակամարտության սրման հետևանքով զոհերի ու տուժածների թվին, նախարարն ընդգծել է, որ գերատեսչության հրապարակած բոլոր տվյալները ճշգրիտ են։

«Բոլորին գրանցում ենք անուն-ազգանունով, այսինքն՝ բոլորի անուն-ազգանունները, անձը հաստատող փաստաթղթի համարը, բնակության վայրը, այն, թե ինչ վիճակում են եկել և որտեղից են եկել։ Տվյալները 100%-ով ճշգրիտ են, մենք դրանք ստանում ենք Գազայի հատվածում գտնվող գրասենյակներից և մեր գործընկերներից: Իսրայելը կարող է ասել այն, ինչ ուզում է: Այս տվյալներն իրական են, և մենք ունենք դրանք»,- շեշտել է Քայլեն: