ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարն իսրայելա-պաղեստինյան հակամարտության կողմերի գործողությունները ռազմական հանցագործություն է որակել

21:48 • 08.11.23

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թյուրքը զինված պաղեստինյան խմբավորումների կողմից պատանդներ վերցնելն ու Իսրայելի՝ պաղեստինցի խաղաղ բնակիչներին «կոլեկտիվ պատժելը» ռազմական հանցագործություն է որակել։ Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, նա հայտարարել է Գազայի հատվածի և Եգիպտոսի սահմանին գտնվող Ռաֆահ անցակետ իր այցի ժամանակ։

«Հոկտեմբերի 7-ին պաղեստինյան զինված խմբավորումների կատարած վայրագությունները նողկալի էին և ռազմական հանցագործություններ էին, ինչպես նաև պատանդների շարունակական պահումը։ Իսրայելի՝ պաղեստինցի խաղաղ բնակիչներին «կոլեկտիվ պատժելը» նույնպես ռազմական հանցագործություն է, ինչպես նաև քաղաքացիական անձանց անօրինական բռնի տարհանումը», - նշել է Թյուրքը։

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարն ընդգծել է, որ «նույնիսկ 56 տարվա օկուպացիայի համատեքստում այս իրավիճակը Գազայի հատվածի, Իսրայելի, Արևմտյան ափի և ամբողջ տարածաշրջանի բնակչության համար ամենավտանգավորն է, որին երբևէ բախվել ենք»:

Թյուրքը հակամարտող կողմերին կոչ է արել անհապաղ համաձայնության գալ հրադադարի հաստատման շուրջ։ Նրա խոսքով՝ հարկավոր է կյանքի կոչել մարդու իրավունքների ոլորտի երեք հրամայական։ Դրանք են Գազայի հատվածում հումանիտար կարիքների բավարարման անհրաժեշտ մակարդակի ապահովումը, հոկտեմբերի 7-ից պահվող պատանդների ազատ արձակումն ու տևական օկուպացիայի դադարեցմանը նպաստելը, որը հիմնված կլինի պաղեստինցիների և իսրայելցիների ինքնորոշման իրավունքի վրա։