Քա՞նի հայ է մնացել Լեռնային Ղարաբաղում և ի՞նչ է սպասվում նրանց․ Ալիևի հատուկ ներկայացուցչի պարզաբանումը

17:52 • 12.11.23

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ, դեսպան Էլչին Ամիրբեկովը իտալական In Terris հրատարակությանը տված հարցազրույցում պատասխանել է լրագրողի հարցին, թե քանի հայ բնակիչ կա Ղարաբաղում և ինչպես է կազմակերպվելու  նրանց հնարավոր վերադարձը։

Նախ, դեսպանը հիշեցրել է, որ ԼՂ-ում մնացած անձինք չեն դիմել Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար:

«Նրանց մեծ մասը հայկական անձնագիր ունի, և առնվազն մեկ երրորդը ոչ թե ղարաբաղցիներ են, այլ նրանք, ովքեր վերջին տասնամյակներում ապօրինաբար բնակություն են հաստատել Ղարաբաղում, Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար դիմել է  հազարից քիչ մարդ»,-ասել է նա:

Ամիրբեկովը հավելել է, որ Ադրբեջանում լավ են հասկանում՝  30 տարվա բաց հակամարտությունից հետո ստեղծված իրավիճակը կանխատեսելի ընտրություն է:

«Բայց դա նրանց անձնական ընտրությունն է, թեև Ադրբեջանի կառավարությունը հորդորել էր նրանց չլքել Լեռնային Ղարաբաղը: Մենք ստեղծել ենք պորտալ, որը թույլ կտա նրանց հնարավորինս շուտ վերադառնալ Ադրբեջան:

Եվ մենք հավատարիմ ենք երաշխավորելու այդ մարդկանց անվտանգությունը, իրավունքները և տնտեսական բարեկեցությունը: Մենք հավատում ենք, որ մնացած մարդկանց փոքր թիվը կարող է դրական դեր խաղալ»,- ընդգծել է Էլչին Ամիրբեկովը: