Գազայի հատվածում 35 հիվանդանոցից 20-ը դադարել է գործել, քանի որ չկա վառելիք, ջուր և էլեկտրականություն․ Բորել
ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելը ԵՄ խորհրդի նիստին հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Գազայի հատվածի 35 հիվանդանոցից 20-ը դադարեցրել է աշխատանքը, դրանցից մի քանիսն ամբողջությամբ ավերվել է:
Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Հիվանդանոցների հետ կապված իրավիճակը խիստ մտահոգիչ է: Դրանցից մի քանիսն ավերված են: 35 հիվանդանոցից 20-ը, ըստ ԱՀԿ-ի, դադարել է գործել, քանի որ չկա վառելիք, ջուր և էլեկտրականություն», - ասել է Բորելը:
Նա մատնանշել է բնակչությանը մարդասիրական օգնություն հասցնելու դժվարությունները։
«Մենք Գազային տրվող մարդասիրական օգնությունն ավելացրել ենք՝ հասցնելով 100 միլիոն եվրոյի, բայց այդ օգնությունը պետք է տեղ հասցվի: Իմաստ չունի այն հասցնել, եթե բեռնատարները չեն կարող ժամանել Գազա», - հավելել է նա:










