Հայաստանում չկա խաղամnլության վերաբերյալ որևէ վիճակագրություն
Հայաստանում չկա խաղամոլության մասին պաշտոնական վիճակագրություն։ Սա շատերի համար կարող է տարօրինակ թվալ, քանի որ վերջին տարիներին խաղամոլության «աճի» մասին շատ է խոսվում։ Այլ հարց է, որ այս պնդումները տեղ են գտել առանց որևէ հստակ թվերի։ Բանն այն է, որ մինչ այժմ որպես խաղամոլության վիճակագրության հիմք մեջբերվել են զուտ ոլորտում շրջանառվող թվերը։ Մասնագենտերը փաստում են՝ ոլորտին վերաբերող թվերը չեն կարող հիմք հանդիսանալ կախվածության մասին ցուցանիշների համար, քանի որ սա համարվում է ժամանցային ոլորտ։ Փաստացի վիճակագրությունն ուսումնասիրելու, ընդհանուր պատկեր ունենալու, տարիների ընթացքում թվային դինամիկան հասկանալու համար չկան համապատասխան տվյալներ։
ՀՀ վիճակագրական կոմիտեից Tert.am-ին հայտնեցին, որ կոմիտեն նման տվյալների հավաքագրում չի վարում։ Կոմիտեն չունի տվյալներ այն մասին, թե երկրում խաղացողների քանի՞ տոկոսն է համարվում կախվածություն ունեցող, որքա՞ն քաղաքացի է կատարում խաղադրույքներ, քանի որ դրա համար անհրաժեշտ է առանձին հետազոտություն, որն առայժմ Հայաստանում չի իրականացվում։
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կատարած ուսումնասիրությունների՝ խաղացողների 2-3%-ը տառապում է խաղամոլությամբ: Այս ցուցանիշը, իհարկե, միջինացված է և տարբերվում է ըստ տվյալ երկրի սոցիալ-տնտեսական մակարդակի, զբաղվածության, նույնիսկ աշխարհագրական դիրքի ու կրոնի: Բայց այս ցուցանիշներում էլ Հայաստանը ընդգրկված չէ։

Խաղամոլությանը վերաբերող որոշակի թվեր կարող է հայտնել միայն Կախվածությունների բուժման ազգային կենտրոնը։ Tert.am-ի հետ զրույցում կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանը հայտնեց, որ շահումով խաղերի նկատմամբ հիվանդագին հակումով, որը ենթադրում է հենց խաղամոլ լինելը՝ Կախվածությունների բուժման ազգային կենտրոն 2023թ-ին դիմել է 85 անձ, նախորդ տարի՝ 62։ Ըստ տնօրենի՝ դիմողների թվի ավելացումը պայմանավորված է ոչ այնքան շահումով խաղերի աճի, որքան կենտրոնին դիմելիության հաճախականության մեծացմամբ։ Մարդիկ այսօր ավելի պատրաստակամ են դիմել մասնագետներին։
Tert.am-ի հետ զրույցում նույն կենտրոնի հոգեբան Անուշ Ճենտերեճյանն ասաց, որ խաղային կախվածությամբ կենտրոն դիմողների քանակը ավելանալու վերաբերյալ խոսակցությունների համատեքստում պետք է առաջին հերթին հաշվի առնել հանգամանքը, որ վերջին տարիներին մեծացել է մասնագետներին դիմելու պրոպագանդան․ «Երբ կա նեղ մասնագիտացած կենտրոն, որտեղ կարող են դիմել, փորձը ցույց է տալիս, որ ավելանում է դիմելիությունը։ Կենտրոն դիմողների թվային տատանումը հաշվի առնելով՝ կարևոր է հասկանալ, թե ըստ որ ցուցանիշի ենք այն հաշվում՝ այցելությունների՞, թե՞ անձանց քանակով։ Անձը, օրինակ, կարող է կիսատ թողնել իր բուժումը, ապա հաջորդ տարի կրկին սկսել հաճախել։ Սրա հաշվին ևս այդ թիվը կարող է ավելանալ։ Ամեն դեպքում այն, որ նոր հիվադներ ևս ունենք՝ փաստ է»։
Հոգեբանի խոսքով՝ իրեն դիմած խաղային կախվածություն ունեցող անձանց թվաքանակը 2022 թվականի համեմատ ավելացել է 1․3-ով։
«Սովորաբար շատ ընդհանրացվում է խաղային կախվածությունը և այն մարդիկ, ովքեր հաճախակի խաղադրույքներ են կատարում, քաղաքացիների կողմից համարվում են «խաղային կախվածություն» ունեցող մարդիկ կամ խաղամոլներ։ Բայց դիագնոսիկ տեսանկյունից՝ բավականին լուրջ մասնագիտական աշխատանք է պետք՝ պարզելու համար մարդը ունի՞ խաղային կախվածություն, թե ոչ։ Խաղային կախվածությունն անձի վարքային ու հոգեկան խանգարումների կլաստերում է գտնվում։ Մասնագետները փաստում են, որ «խաղամոլ» արտահայտությունը բավականին պիտակավորող է և մասնագիտական տեսանկյունից այդպես վերաբերվել ու պիտակավորել մարդկանց չի կարելի։ Շատ կարևոր է ընդգծել նաև, որ խաղային կախվածություն ունեցող անձանց բուժումը իրականացվում է թիմային՝ հոգեբանի, ապա անհրաժեշտության դեպքում՝ հոգեբույժի ու նյարդաբանի մասնակցությամբ»,- ասաց հոգեբանը։
Նրա խոսքով՝ անձի մոտ խաղային կախվածություն առաջանալու համար նախ և առաջ անհրաժեշտ է, որ նրա մոտ լինի նախատրամադրվածություն։
«Անձի մոտ պետք է լինի մի քանի գործոն, որպեսզի առաջանա խաղային կախվածություն։ Եթե մարդն ի սկզբանե չունի նախատրամադրվածություն, նրա մոտ խաղային կախվածություն առաջանալու հավանականությունը քիչ է»,- ասաց Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի հոգեբան Անուշ Ճենտերեճյանը։
Թեմայի շուրջ Tert.am զրուցել է նաև ոլորտի մասնագետ Երվանդ Խալափյանի հետ։
«Քանի դեռ Հայաստանում չկա վիճակագրություն, ուսումնասիրություն, շահումով խաղերից կախվածություն ունեցողների վերաբերյալ հստակ պատկերի մասին դժվար է խոսել։ Ընդհանրապես ընդունված է, որ աշխարհում բնակչության 1 %-ը տառապում է խաղամոլությամբ, դա ընդհանուր խաղացողների 5-6%-ն է կազմում։ Այս վիճակագրությունը հիմնված է այլ երկրների օրինակի վրա։ Սրանք մոտավոր հաշվարկներ են իհարկե, որովհետև այդ ամբողջ ինֆորմացիան փակ է։
Խաղացողների թիվը հնարավոր է մեծացել մի քանի գործոնների ազդեցությամբ, օրինակ՝ ինտերնետի հասանելիություն և այլն, բայց խաղամոլության պատկերն ամբողջ աշխարհում գրեթե նույնն է։ Այստեղ երկրի տնտեսական վիճակն էլ այդքան էական դեր չունի։ Օրինակ՝ եթե համեմատենք Մեքսիկան ու ԱՄՆ-ն, որոնք տնտեսապես տարբեր դիրքերում են գտնվում, ԱՄՆ-ի շատ նահանգներում ավելի շատ խաղամոլությամբ տառապող մարդիկ կան, քան Մեքսիկայում։ Երբ ասում են՝ ինչքան վատ է Հայաստանում տնտեսական վիճակը, այնքան ծաղկում է խաղամոլությունը, դա ևս միանշանակ չէ»,- ասաց նա։
Երվանդ Խալափյանի խոսքով՝ արգելքը կարող է ձևավորել սև շուկա, ինչպես Թուրքիայում կամ ՌԴ –ում, որի հետևանքները, սովորաբար ավելի մտահոգիչ են լինում։ Իսկ ոլորտային կարգավորումը կարող է բերել կշռադատված որոշման կայացմանը՝ ժամանցի նման տեսակ ընտրելու համար։
Աշխարհում շահումով խաղերից կախվածության վիճակագրությունը տատանվում է 1,2-6,0%-ի սահմաններում։
Ներկայացնում ենք մի շարք երկրներում առկա վիճակագրական պատկերը։ 










