2010-ին 44 հազար ժամկետային զինծառայող կար ՀՀ-ում, 9 տարվա ընթացքում 44%-ով նվազում ունենք. Հայկ Սարգսյան

13:53 • 14.11.23

Վերջին 15 տարվա ընթացքում յուրաքանչյուր տարի ունեցել են ավել քիչ զորակոչիկներ։

Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։

Նա ներկայացրեց վիճակագրություն, ըստ որի՝ 2010-ին ունեցել ենք ավելի քան 44 հազար ժամկետային զինծառայող, 9 տարվա ընթացքում այդ թիվը պակասել է 44%-ով, այսինքն՝ 2019-ին դարձել է 24 հազար։

«Վերջին 10 տարվա ընթացքում բանակում ծառայողների թիվը գնալով նվազել է, իհարկե, սա ունի նաև դեմոգրաֆիական խնդիր։ Բացի այդ, տարեցտարի ավելի քիչ են ծնվում տղաներ: 1992-ին ծնվել է 36 հազար տղա, իսկ 2001-ին՝ 17 հազար տղա: Բայց պետք է նշեմ, որ անկման տեմպը նվազել է, անգամ աճ ունենք»,- մատնանշեց նա։

Պատգամավորը հույս հայտնեց, որ, եթե Կառավարությունը լավ աշխատի, քաղաքացիներն էլ չլքեն երկիրը, հնարավոր կլինի վերականգնել ծնելիության ցուցանիշը։

Հիշեցնենք, որ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որը հնարավորություն կտա 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին ազատվել քրեական պատասխանատվությունից։

Նախագծով սահմանվում է, որ 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները կարող են երկու տարի ժամկետով ծառայել բանակում, ծառայել 1 տարի և պետբյուջե վճարել 2.5 մլն դրամ, ծառայել 6 ամիս ժամկետով և պետբյուջե վճարել 5 մլն դրամ, ծառայել 1 ամիս ժամկետով և պետբյուջե վճարել 10 մլն դրամ, և վճարել 15 մլն դրամ՝ ծառայության դիմաց։