Mercedes-ը Երևանում մոտ 100 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է ջրատարում

17:06 • 16.11.23

Նոյեմբերի 16-ին, ժամը 13։29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցից դեպի Իսակովի պողոտա տանող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ։

Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ․ Մ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Հրազդան գետի ներքին ջրանցքը․ կա տուժած։

Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս բերել ջրանցքից։

Shamshyan.com-ի տեղեկություններով Ժամը 13:20-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 30-ամյա Ռոբերտ Մ.-ն, իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Մոնթե Մելքոնյան փողոցից դեպի Իսակովի պողոտա ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրի բազալտե եզրաքարին, և մոտ 100 մետր հողաթմբերին ու քարերին բախվելով՝ հայտնվել է ջրատարում: