Ժաննա Անդրեասյանը հիվանդանոցում տեսակցել է ԵՊՀ-ում տուժած քաղաքացուն

16:52 • 17.11.23

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Երևանի պետական համալսարան: Նախարարը տեղում ծանոթացել է այսօր առավոտյան ԵՊՀ-ի առաջին մասնաշենքի նկուղային հարկում բռնկված հրդեհի հետևանքով ստեղծված իրավիճակին:

Այս մասին հաղորդում է ԿԳՄՍՆ լրատվական ծառայությունից։

Այնուհետև Ժաննա Անդրեասյանն այցելել է «Հերացի» համալսարանական հիվանդանոց տեղափոխված քաղաքացուն:

Նախարարը զրուցել է տուժած քաղաքացու հետ, հետաքրքրվել նրա ինքնազգացողությամբ և մաղթել շուտափույթ ապաքինում։

Տեղեկացնենք, որ տուժածի վիճակը մասնագետները գնահատում են բավարար:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԵՊՀ 1-ին մասնաշենքի նկուղային հարկի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել, որից հետո պայթյուն եղել։

ԵՊՀ-ում պայթյունի հետևանքով 3 վիրավորներից մեկը եղել է ոստիկանության աշխատակից, զոհը եղել է կանաչապատման բաժնի աշխատակիցը: