Հայաստանը ժողովրդավարության բաստիոն չէ․ ՀՀԿ անդամները ակցիա են անում Երևանի կենտրոնում

19:47 • 18.11.23

Հայաստանի հանրապետական կուսակցությունը բողոքի ակցիա է անում Հանրապետության հրապարակում։

«Հայաստանը ժողովրդավարության բաստիոն չէ, այստեղ կան քաղբանտարկյալներ միայն նրա համար, որ նրանք պաշտպանում են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, անկախ Արցախի գաղափարի իրավունքը»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ գերագույն մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը:

Նա նշեց, որ բողոքի ակցիայի նպատակն է այս ամենը հասցնել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ավելի քան 300 պատվիրակներին։

Նա նաև նշեց, որ միևնույն ժամանակ Եվրոպան լռում է, երբ Բաքվի բանտում են Արցախի մեր եղբայրները, նախկին իշխանությունների ներկայացուցիչները, գեներալները։

«Այդ ամենն արվում է ԵԱՀԿ–ի լուռ համաձայնությամբ»,- նշեց Շարմազանովը։

Շարմազանովը հիշեցրեց, որ արցախյան հարցով բանակցություններում ԵԱՀԿ-ն միջնորդ կառույց է եղել, և, ըստ էության, այսօր Բաքվի բանտերում են նաև այն մարդիկ, որոնց հետ ժամանակին բանակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Խոսքը Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի մասին է։

Էդուարդ Շարմազանովը նշեց՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն էլ կալանավայրում է, որովհետև մշտապես խոսել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանության և Նիկոլ Փաշինյանի՝ թուրքադրբեջանական ռեժիմին հաճո հակահայկական քայլերի մասին։