Խոսում եք զբոսաշրջության աննախադեպ աճերից, վերջին անգամ ե՞րբ եք եղել Ջերմուկում․ Թադևոս Ավետիսյանը՝ Վահան Քերոբյանին
Դուք բերում եք օրենքի նախագիծ, քննարկման մեջ խոսում եք աննախադեպ աճերից, ինչը վատ չէ, բայց զբոսաշրջային կենտրոններից մեկը Ջերմուկն է։ Վերջին անգամ երբ եք եղել Ջերմուկում։
Այս մասին ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում՝ դիմելով Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
«Հիմա դուք ասում եք գրավչությունն ենք բարձրացրել՝ չանդրադառնալով նրան, թե աշխարհաքաղաքական ինչ իրողություններով է պայմանավորված, որ մեծ թվով ՌԴ քաղաքացիներ են գալիս ՀՀ։ Քննարկե՞լ եք այն բարդությունները, որ ստեղծվել են զբոսաշրջության ոլորտում։ Ջերմուկում մենք նորից տեսնելո՞ւ ենք գերհագեցած հյուրանցային տնտեսություններ, թե տեսնելու ենք այն վիճակը, որ հիմա կա»,- ասաց Ավետիսյանը։
Արձագանքելով պատգամավորի հարցադրմանը՝ Վահան Քերոբյանը նշեց․
«Ջերմուկում եղել եմ հուլիս ամսին՝ քննարկելու, թե ինչպես են անցնում ամառային ամիսները։ Հանդիպել ենք հյուրանոցային ցանցի ներկայացուցիչների հետ, իրենք առաջարկել են, որ մի փոքր ակտիվացնենք ոլորտը և մենք որոշեցինք Ջերմուկում խնայված միջոցներով լրացուցիչ փառատոն կազմակերպել օգոստոս ամսին։
Դա այնպիսի հաջողությամբ անցավ, որ բոլոր հյուրանոցները զբաղված էին։ Մեր բազմաթիվ ծրագրեր ուղղված են Ջերմուկում ներքին զբոսաշրջության խթանմանը ու համաչափ զարգացմանը։
Ապահովոթյան տեսանկյունից այս օրենքը շատ կարևոր օրենք է, ապահովում է, որ զբոսաշրջիկները երկրի ներսում ապահոված լինեն լավ ծառայություններով, լավ ենթակառուցվածքներով, իսկ անվտանգության տեսանկյունից գիտեք, որ կառավարությունը ու մեր կուսակցությունը մեծ ջանքեր են գործադրում, որ երկարատև խաղաղություն ապահովենք։ Խոսքը խաղաղության օրակարգի մասին է, որը ապահովելու է այն անվտանգությունը, որի մասին դուք խոսում եք»։










