Կոլումբիայում մայրը բեմադրել է 2-ամյա որդու առևանգումը՝ երեխայի հորից փրկագին պահանջելու համար
Կոլումբիայում մայրը մեղադրվում է հանցակիցների օգնությամբ իր փոքրիկ որդու առևանգումը բեմադրելու համար՝ տղայի հորից փրկագին ստանալու նպատակով։ Այս մասին գրում է odditycentral.com-ը:
Կոլումբիայի Կարիբե Վերդե քաղաքում առևանգված փոքրիկի մասին լուրը սկսել է տարածվել կայծակնային արագությամբ։ 2-ամյա երեխային խլել են «անօգնական» մոր գրկից, երբ վերջինս քայլում էր փողոցով: Երկու հարձակվողներ մոտոցիկլետներով մոտեցել են կնոջը, «վախեցրել» նրան, իսկ հետո երեխայի հետ հեռացել: Երբ ոստիկանները ժամանել են դեպքի վայր, նրանք սկսել են կնոջը հարցաքննել, թե ինչ է տեղի ունեցել, և անչափահասին գտնելը դարձել է ամենամեծ առաջնահերթությունը:
Որոշ ժամանակ անց ինչ-որ մեկը հայտնել է Կարիբե Վերդեի բնակարաններից մեկում երեխայի գտնվելու մասին: Ոստիկանության խումբը ներխուժել է բնակարան, միայն թե դիմակավորված հարձակվողների փոխարեն տղային հայտնաբերել են մոր ընկերոջ հետ:
Երիտասարդին հարցաքննելուց հետո ոստիկանները պարզել են, որ նա երեխայի մոր ընկերն է, և որ կինը խնդրել է նրան մի քանի օր խնամել տղային, մինչ ինքը փորձել է տղայի հորից 60 միլիոն պեսո (14,700 դոլար) շորթել: Երեխան ներկայումս գտնվում է հոր խնամքի տակ, իսկ մայրը բանտում է:










