Ուկրաինայի մի շարք շրջաններում օդային տագնապ է հայտարարվել
Ուկրաինայի մի շարք շրջաններում օդային տագնապ է հայտարարվել։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ուկրաինայի թվային փոխակերպման նախարարության առցանց քարտեզներին։
Հաղորդվում է, որ օդային տագնապ է հայտարարվել Սումիի, Խարկովի, Դնեպրոպետրովսկի և Պոլտավայի մարզերում, ինչպես նաև Զապորոժիեի մարզի՝ Կիևի կողմից վերահսկվող հատվածներում։
Ըստ առցանց քարտեզների՝ առաջինն օդային տագնապի ազդանշանը հնչել է Դնեպրոպետրովսի մարզում Մոսկվայի ժամանակով ժամը 20։28-ին (Երևանի ժամանակով՝ 21։28), իսկ 20։51-ին (Երևանի ժամանակով՝ 21։51) այն հնչել է նաև վերոնշյալ մյուս մարզերում։
Ավելի վաղ օդային տագնապ էր հայտարարվել Օդեսայի մարզում, ինչից հետո ուկրաինական լրատվամիջոցները հայտնել են Օդեսայում պայթյունների մասին։
Ռուսաստանի զինված ուժերի ուկրաինական ենթակառուցվածքի վրա հարձակումները սկսվել են հոկտեմբերի 10-ին՝ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչությունից երկու օր անց, որի հետևում, ըստ Ռուսաստանի իշխանությունների, կանգնած են ուկրաինական հատուկ ծառայությունները։ Հարվածները հասցվում են ամբողջ երկրի էներգետիկայի, պաշտպանական արդյունաբերության, ռազմական հրամանատարության և կապի օբյեկտներին։










