Ռուսաստանն ինձ սպանելու առնվազն 5-6 փորձ է իրագործել. Զելենսկի

12:53 • 21.11.23

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Ռուսաստանի իշխանություններն իրեն սպանելու առնվազն «հինգ կամ վեց» փորձել են իրագործել, սակայն դրանք խափանվել են Ուկրաինայի հետախուզական ծառայության կողմից: Զելենսկին այս մասին ասել է բրիտանական The Sun-ին տված հարցազրույցում:

Ըստ Զելենսկու՝ «առաջին փորձը շատ հետաքրքիր է, սակայն հետո սովորական է դառնում»:

«Եվ դրանից հետո, պարզապես հետախուզությունը ձեզ հետ կիսվում է մանրամասներով, որ ևս մեկ խումբ է եկել Ուկրաինա՝ փորձելու (սպանել)», - ասել է Ուկրաինայի նախագահը:

Զելենսկին ասել է, որ ռուսական հատուկ ջոկատայինները անցյալ տարի պարաշյուտով իջել են Կիև՝ սպանելու նրան։ Զելենսկու թիկնապահները նրա նստավայրը փակել են ժամանակավոր բարիկադներով և նրբատախտակի կտորներով:

Զելենսկու ամենամոտ օգնականներին տրվել են հրացաններ և զրահաբաճկոններ։ Բայց երբ բրիտանացի և ամերիկացի պաշտոնյաներն առաջարկել են նախագահին դուրս բերել մայրաքաղաքից՝ մտավախությունների ֆոնին, որ Կիևը կարող է ընկնել ժամերի ընթացքում, Զելենսկին պատասխանել է. «Ես զենքի կարիք ունեմ, ոչ թե դուսրբերման»: