Արգենտինայի նախագահը հայտարարել է, որ «Ֆոլքլենդյան կղզիներն Արգենտինա են». Մեծ Բրիտանիայի ՊՆ-ն արձագանքել է
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գրանտ Շապսն արձագանքել է Արգենտինայի նորընտիր նախագահ Խավիեր Միլեյի հայտարարությանն առ այն, որ Ֆոլքլենդյան կղզիները պատկանում են Արգենտինային: Նա խոստացել էր հետ բերել կղզիները և ասել, որ դա անելը «անվիճարկելի է»:
Ինչպես գրում է Daily Mail-ը, Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարն ի պատասխան ասել է, որ Ֆոլքլենդյան կղզիները բրիտանական են և դա քննարկման ենթակա չէ:
Պարբերականը մանրամասնում է, որ մասնագիտությամբ տնտեսագետ Միլեյը, որն իրեն որակել է տանտրիկ սեքսի մարզիչ, ընտրապայքարի ժամանակ ասել էր, որ Մալվինյան կղզիները (Արգենտինայում այսպես են անվանում Ֆոլքլենդյան կղզիները) Արգենտինա են:
Ի պատասխան Շապսն այսօր ասել է.«Ֆոլքլենդյան կղզիները բրիտանական են: Դա անվիճելի է և անհերքելի»:
Անդրադառնալով կղզու 2013 թվականի հանրաքվեի արդյունքներին՝ Շապսը շարունակել է. «Կղզու բնակիչների 99.8%-ը քվեարկել է բրիտանական մնալու օգտին, և մենք միշտ պաշտպանելու ենք նրանց ինքնորոշման իրավունքը և Մեծ Բրիտանիայի ինքնիշխանությունը»:
«էլ Լոկո» («Խենթ») մականունով հայտնի Միլեյը, որը խոստացել էր իր հաղթանակով ցնցել Արգենտինան, ասել էր, որ «կգործադրի բոլոր ջանքերը» Ֆոլքլենդյան կղզիները վերադարձնելու համար։ Նա պնդել էր, որ Մեծ Բրիտանիայի համար Ֆոլքլենդյան կղզիները Արգենտինային հանձնելը «անսակարկելի է»՝ դա համեմատելով Մեծ Բրիտանիայի կողմից Հոնկոնգը Չինաստանին վերադարձնելու հետ:
Ֆոլքլենդյան կղզիները կարճատև, բայց դաժան պատերազմի առարկա էին 1982-ին Արգենտինայի ներխուժումից հետո: Թեև Մեծ Բրիտանիան վերականգնել է իր իշխանությունը կղզիներում, բայց հարցը երբեք լուծված չի համարվել Բուենոս Այրեսում: Արգենտինան կարծում է, որ Ֆոլքլենդյան կղզիներն անօրինական կերպով վերցվել են իրենից: Արգենտինան դեռևս հավակնում է կղզիներին, մինչդեռ Մեծ Բրիտանիան ասում է, որ Ֆոլքլենդյան կղզիներն իր պաշտպանության տակ գտնվող ինքնակառավարվող միավոր են:
Միլեյն իր նախագահական քարոզարշավի ժամանակ պնդել է, որ Ֆոլքլենդյան կղզիների ապագայի հետ կապված հարցերը «չի կարելի անտեսել»:
«Ի՞նչ եմ առաջարկում։ Արգենտինայի ինքնիշխանությունը Մալվինյան կղզիների նկատմամբ սակարկելի չէ: Մալվիններն արգենտինական են: Հիմա մենք պետք է տեսնենք, թե ինչպես ենք դրանք վերադարձնելու։ Հասկանալի է, որ պատերազմի տարբերակը լուծում չէ: Մենք առաջարկում ենք շարժվել դեպի այնպիսի լուծում, ինչպիսին Անգլիան ունեցավ Չինաստանի հետ Հոնկոնգի հարցում, և որ այս համատեքստում կղզիներում ապրող մարդկանց դիրքորոշումը չի կարող անտեսվել: Դուք չեք կարող ժխտել, որ այդ մարդիկ այնտեղ են։ Դուք չեք կարող անտեսել այդ մարդկանց: Պետք է բանակցենք Բրիտանիայի հետ և հաշվի առնեք կղզիներում ապրող մարդկանց տեսակետները։ Մենք լուծում ենք փնտրում, որպեսզի Մալվինյան կղզիները դիվանագիտական ճանապարհով վերադառնան Արգենտինա, լուծում, որը կենսունակ է, որը հասանելի է», - ասել է Միլեյը:















