Վատիկանը հերքում է, որ Հռոմի պապը Գազայում իրադարձությունները նկարագրելու համար օգտագործել է «ցեղասպանություն» բառը
Հռոմի պապի հետ հանդիպած պաղեստինցիները պնդում են, որ պոնտիֆիկոսը իրենց հետ զրույցում Գազայում կատարվող իրադարձությունները որակել է «ցեղասպանություն», մինչդեռ Վատիկանը հերքում է դա:
Ինչպես գրում է Daily Mail-ը, չորեքշաբթի առավոտյան Հռոմի պապն իր նստավայրում հանդիպել է տասը պաղեստինցու հետ, իսկ դրանից առաջ նա հանդիպել էր Գազայում պահվող իսրայելցի պատանդների հարազատների հետ:
«Երբ մենք կիսվեցինք (Գազայում) սպանված ընտանիքների պատմություններով, նա ասաց.«Ես տեսնում եմ ցեղասպանությունը»», - պատմել է Շիրին Ավադ Հիլալը, որը դասավանդում է Բեթղեհեմի հոգևոր քոլեջում:
«Շատ պարզ էր, «ցեղասպանություն» բառը մեզանից չէր։ Այն արտաբերել է Նորին Սրբությունը, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը», - ասել է տղամարդը:
Հանդիպման մյուս մասնակիցները համակարծիք էին, որ լսել են, թե ինչպես է Հռոմի պապն օգտագործում «ցեղասպանություն» բառը:
«Մենք բոլորս այնտեղ էինք։ Մենք դա լսել ենք, և ոչ ոք լսողության խնդիր չունի», - ասել է Հիլալը:
Մասնակիցները նշել են, որ Պապը շատ տեղեկացված է Գազայում տիրող իրավիճակի և ջրի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության պարագաների բացակայության մասին։
Բայց Վատիկանի խոսնակ Մատեո Բրունիի մեկնաբանությունում ասվում է հակառակը:










