Պուտինն ու Լուկաշենկոն Մինսկում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովից հետո առանձնազրույց են ունեցել (տեսանյութ)

22:59 • 23.11.23

Մինսկում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեմ առ դեմ բանակցություններ են վարել Անկախության պալատում՝ Բելառուսի նախագահի նստավայրում։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Լուկաշենկոյի մամուլի ծառայությանը մոտ կանգնած «Пул Первого» թելեգրամյան ալիքին։

Ըստ աղբյուրի՝ Պուտինն ու Լուկաշենկոն առանձնազրույց են ունեցել Բելառուսի նախագահի նստավայրում, որից հետո այն շարունակվել է ավտոմեքենայում։ Նշվում է, որ նախագահները միասին են հեռացել «Աուրուս» ավտոմեքենայով՝ ճանապարհին շարունակելով բանակցությունները։

Թելեգրամյան ալիքի տվյալներով՝ ՀԱՊԿ գագաթնաժողովի պաշտոնական մասից հետո պետությունների ղեկավարներն աշխատանքային ճաշ են ունեցել։ Աղբյուրը հրապարակել է լուսանկար Լուկաշենկոյի ու Պուտինի դեմ առ դեմ զրույցից, որին կից գրված է, որ նրանց ձեռքին «փաստաթղթերով թղթապանակներ են»։

Բելտա գործակալությունը ևս հաստատել է տեղեկությունը, որ Բելառուսի նախագահը Մինսկում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակներում հնարավորություն է ունեցել դեմ առ դեմ շփվելու իր ռուս պաշտոնակցի հետ, որից հետո զրույցը շարունակվել է ավտոմեքենայում։ Գործակալությունը մանրամասնել է, որ Լուկաշենկոն Պուտինին օդանավակայան է ճանապարհել։

Տեսանյութը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում։