ՌԴ-ից գնված, բայց չստացած սպառազինության փոխարեն, Ռուսաստանը կարող է ներել մեր պարտքը. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ՌԴ-ից գնված, բայց այդպես էլ չստացած սպառազինության մասին հարցին։
Փաշինյանն ասաց, որ նման խնդիրներ կան, բայց տեղի են ունենում քննարկումներ, թե ինչ մեխանիզմներով այդ խնդիրը լուծել։
Ըստ վարչապետի՝ տարբերակներից մեկը կարող է լինել վճարված գումարի չափով ՌԴ-ին ՀՀ ունեցած պարտքից նվազեցումը։
«Սա միակ տարբերակը չէ, տարբերակներից մեկն է։ Բայց գիտեք՝ ՌԴ-ն ինքն էլ սպառազինության կարիք ունի։ Մենք այստեղ էլ տրամադրված ենք աշխատանքային, և, հուսով եմ, քննարկումները կբերեն կոնկրետ արդյունքների»,-հայտարարել է Փաշինյանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանը շուրջ 500 մլն դոլարի զենք գնելու պայմանագիր էր ստորագրել Ռուսաստանի հետ, վճարել է 400 մլն դոլար կանխավճար, բայց Ռուսաստանն այդպես էլ զենք չի մատակարարել։
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Նովայա գազետա Եվրոպա» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Հայաստանը չի ստացել այն սպառազինությունը, ինչը պատվիրել եւ ինչի համար վճարել է Ռուսաստանին։










