Տիգրան Ավինյանը ԵՄ պատվիրակության ղեկավարին է ներկայացրել ձեռնարկված քայլերը Երևանն առավել անվտանգ, հարմարավետ ու «խելացի քաղաք» դարձնելու ուղղությամբ

20:36 • 24.11.23

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ:

Երևանն այսօր տարբեր նախագծեր է իրականացնում ԵՄ կառույցների հետ, որոնք ընդգրկում են քաղաքային տնտեսության մի շարք ոլորտներ: Հանդիպման շրջանակում կողմերն անդրադարձել են համատեղ ծրագրերի ընթացքին, նախանշել առաջիկա անելիքները:

Անդրադառնալով ձևավորված համագործակցությանը՝ քաղաքապետ Ավինյանն առանձնակի կարևորել է միջազգային կառույցների մասնակցությունը Երևանի ենթակառուցվածքների զարգացման գործում և նշել, որ համայնքը պատրաստ է քննարկել նոր նախագծեր:

Որպես գործակցության նոր ուղղություններ՝ կողմերը կարևորել են երթևեկության կազմակերպմանը, Էկոլոգիապես ավելի մաքուր ավտոբուսային շարժակազմի ավելացմանը, համայնքային ոստիկանության համակարգի ներդրմանն ու քաղաքային ծառայությունների թվայնացմանն ուղղված նախագծերի կյանքի կոչումը:

Երևանի քաղաքապետը տեղեկացրել է, որ որոշ ծրագրերի մասով համայնքն արդեն իսկ սկսել է քայլեր ձեռնարկել՝ Երևանն առավել անվտանգ, հարմարավետ ու «խելացի քաղաք» դարձնելու ուղղությամբ: