Մեզ պարտադրում են ներկրած ավտոմեքենաներից 20% եկամուտ ունենալ, որից շահույթ տանք, գրություն ենք ուղարկել նախագահին․ ավտոներկրող

16:34 • 27.11.23

Ավտոներկրողները հերթական բողոքի ակցիան են իարականացնում նախագահական նստավայրի դիմաց։

Ավտոներկրող ընկերության տնօրեն Վարդան Օնանյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ իրենք խնդրում են պատկան մարմիններից, որպեսզի հապճեպ ուժի մեջ չմտնի Հարկային նոր օրենքը, որով իրենք պետք է ունենան 20 տոկոս շահույթ և դրանից 18 տոկոս վճարեն շահութահարկ և ԱԱՀ։

«Բոլորս փաստի առաջ ենք կանգնում նաև այն հազարավոր հաճախորդները, ովքեր մեքենա ներմուծող ընկերությունների հետ պայմանագրեր ունեն կնքած և սպասում են իրենց մեքենաններին։

Մեզ պարտադրում են մեր ներկրած ավտոմեքենաներից 20 % եկամուտ ունենալ, որից շահույթ տանք, բայց վստահաբար՝ այս ընկերությունները 20 % եկամուտ գործարքներից չեն ունենում։ Տասնյակ հազարավոր մարդիկ իրենց մեքենաներին են սպասում, սա հակասահմանադրական օրենք է»,- նշեց նա։

Ավտոներկրող ընկերության տնօրենը հայտնեց, որ գրություն են պատրաստել, որը հանձնելու են ՀՀ նախագահի աշխատակազմ՝ խնդրանքով, որ չստորագրի և չվավերացնի օրենքը, որն առաջին ընթերցմամբ ընդունվել էր նոյեմբերի 14-ին:

Ավելի վաղ ավտոներկրողները բողոքի ակցիաներ էին անցկացրել Կառավարության և ՊԵԿ-ի շենքերի դիմաց։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտնում Հարկային օրենսգրքում փոփոխությունների և լրացումների նոր փաթեթը, որը շահութահարկ է սահմանում ավտոմեքենաների ներմուծմամբ զբաղվող ընկերությունների համար (նախկինում նրանք վճարում էին շրջանառության հարկ): Ըստ նոր օրենքի` նրանք պետք է ունենան 20 % շահույթ և դրանից 18 % վճարեն շահութահարկ և ԱԱՀ։