ՆԱՏՕ-ն նոյեմբերի 28-29-ը Բրյուսելում կայանալիք հանդիպմանը կհամաձայնեցնի Ուկրաինային դաշինք ընդունելու համար բարեփոխումների վերաբերյալ առաջարկությունները. Ստոլտենբերգ

17:20 • 27.11.23

ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարները նոյեմբերի 28-29-ը Բրյուսելում կայանալիք հանդիպմանը կհամաձայնեցնեն Ուկրաինային դաշինք ընդունելու համար բարեփոխումների վերաբերյալ առաջարկությունները: Այս մասին հանդիպմանն ընդառաջ մամուլի ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, գրում է ՏԱՍՍ-ը:

Գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Ուկրաինայի հակամարտությունը կշարունակի մնալ դաշինքի երկրների արտգործնախարարների ուշադրության կենտրոնում։ Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն կշարունակի օգնություն տրամադրել Ուկրաինային Ռուսաստանի հետ հակամարտությունում։

Ստոլտենբերգը նաև, մեկնաբանելով ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց արևելյան տարածքներից հնարավոր հրաժարումը, ասել է, որ Ուկրաինան ինքը պետք է որոշի, թե երբ սկսել Ռուսաստանի հետ խաղաղ բանակցությունները։

«Ուկրաինան պետք է որոշի, թե երբ սկսել բանակցությունները: Մեր խնդիրն է օգնել Ուկրաինային հնարավորինս շատ տարածքներ ազատագրել և մինչև բանակցությունների մեկնարկը ավելի լավ դիրք ունենալ»,- հավելել է նա։