Ուկրաինայի հետախուզության պետի կնոջը թունավորել են. լրատվամիջոցներ
Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության պետ Կիրիլ Բուդանովի կնոջը՝ Մարիաննային, թունավորել են: Ինչպես գրում է ria.ru-ն, այս մասին հայտնել է ուկրաինական Babel հրատարակությունը՝ հղում անելով հետախուզության աղբյուրին։
«Մարիաննա Բուդանովան թունավորվել է ծանր մետաղներով, կինը հիվանդանոցում է»,- ասվում է հրապարակման մեջ։
Բուդանովան հոսպիտալացվել է այն բանից հետո, երբ նրա առողջական վիճակը երկար ժամանակ գնալով ավելի է վատացել, գրում է հրատարակությունը։
«Այդ նյութերը (ծանր մետաղները.-Խմբ.) ոչ մի կերպ չեն օգտագործվում առօրյա կյանքում կամ ռազմական գործերում: Դրանց առկայությունը կարող է վկայել կոնկրետ անձին թունավորելու միտումնավոր փորձի մասին»,- իր զրուցակցին մեջբերում է պորտալը։
Հետաքննություն է սկսվել Բուդանովի կնոջը սպանելու հնարավոր փորձի առնչությամբ, նշել է հրատարակությունը։
Կիրիլ Բուդանովը գլխավորել է Ուկրաինայի ռազմական հետախուզությունը 2020 թվականի օգոստոսին:










