Կանաչ էներգիան` որպես ապագայի երաշխիք. Մասնագիտական քննարկումներ «Հայաստանի էներգետիկ շաբաթ 2023»-ի շրջանակում
Այսօր մարդկության առջև ծառացած գլխավոր խնդիրներից մեկն այն է, թե ինչպես ստանալ էներգիա` չվնասելով սեփական տունը՝ մոլորակը։ Այս թեման է նաև «Հայաստանի էներգետիկ շաբաթ 2023» միջոցառման առանցքում։
Նոյեմբերի 28-ին միջոցառման շրջանակում կայացավ «Կանաչ ֆինանսավորում՝ զարգացումներ և խնդիրներ» խորագրով պանելային քննարկումը, որի ժամանակ ոլորտի առջև ծառացած խնդիրների շուրջ մտքերով ու առաջընթացի մասին վիճակագրական տվյալներով կիսվեցին Համաշխարհային բանկի, ՎԶԵԲ-ի, ՀՀ ԿԲ, Ամերիաբանկի, Արմսվիսբանկի, Արմլիզինգ ՈւՎԿ ներկայացուցիչները։
Բանախոսները համակարծիք էին`առնվազն վերջին հինգ տարում կանաչ էներգետիկայի ոլորտը շատ արագ է աճում, այն աստիճանի, որ արդեն ենթակառուցվածքների խնդիր կարող է առաջանալ։
Ամերիաբանկի վաճառքների և հարաբերությունների կառավարման բաժնի ղեկավար Էդուարդ Առաքելյանն իր խոսքում ևս նշեց, որ վերջին տարիներին կանաչ ֆինանսավորումն ավելացել է, ընդ որում` բոլոր բաղադրիչներով․ «Որպես առաջատար ֆինանսական կառույց` մենք մեծ կարևորություն ենք տալիս այս ոլորտին, դրա շարունակական աճին, բավականին լուրջ քայլեր ենք ձեռնարկել այդ ուղղությամբ։ Հաճախորդների թիվն աճում է, ծրագրերի թիվը՝ ևս, նաև ոլորտայնությունն է ավելանում։ Վերջին երկու տարում արևային էներգետիկայի ոլորտում բավականին մեծ ծրագրեր ենք ֆինասավորվել և շարունակում ենք ֆինանսավորել»։

Առաքելյանի խոսքով` միայն այս տարվա 9 ամսում Ամերիաբանկի կողմից ֆինանսավորված նախագծերի միջոցով արտադրվել է ավելի քան 118 մլն կՎտ/ժ «կանաչ» էլեկտրաէներգիա, որը թույլ է տվել նվազեցնել CO2-ի արտանետումները ավելի քան 57,000 տոննայով։ Բացի այդ, դեռևս 2020 թվականին բանկը թողարկել և տեղաբաշխել է 42 մլն եվրո ծավալով կանաչ պարտատոմսեր, որը Հայաստանում առաջին նման ծրագիրն էր:
Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի զարգացման կենտրոնի ղեկավար Աշոտ Պետրոսյանն իր խոսքում նշեց, որ Ամերիաբանկը դեռևս միակն է, որ նման պարտատոմսեր է թողարկել, թեև առաջիկայում ևս երկու բանկ հանդես կգան կանաչ պարտատոմսերի առաջարկով:
«Վերջին մեկ տարում կանաչ ֆինանսավորման կայուն աճն ակնհայտ երևում է, ու դա շատ ոգևորիչ է։ Նախկինում այդ մասին խոսում էին շատ սահմանափակ թվով մասնակիցներ, մասնագետներ, բայց այսօր պահանջարկը շատ մեծ է, ու այսօր պետք է ավելի ակտիվ աշխատել»,- նշեց Պետրոսյանը։
ՎԶԵԲ-ի ներկայացուցիչ Աննա Խաչատրյանն էլ ընգծեց, որ կանաչ վարկավորումների ծավալն աճում է ամբողջ աշխարհում։ Նա նշեց, որ այսօր ծրագրերը միտված են շուկայում էներգաարդյունավետ տեխնոլոգիաների զարգացմանն ու դրանց օգնությամբ Հայաստանի՝ կանաչ տնտեսության անցում կատարելուն աջակցելուն։
Հավելենք, որ «Հայաստանի էներգետիկ շաբաթ 2023»-ը կազմակերպվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի և ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագրի կողմից։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Էներգետիկ անվտանգության ծրագրի ղեկավար Աբգար Բուդաղյանը, ՀՎԷԷՀ տնօրեն Կարեն Ասատրյանը:
«Հայաստանի էներգետիկ շաբաթի» շրջանակում նախատեսվում են մի շարք միջոցառումներ Երևանում, Ծաղկաձորում, Դիլիջանում և Գյումրիում: Միջոցառմանը մասնակցելու են քաղաքականություն մշակողներ, ոլորտի ներկայացուցիչներ, պետական և մասնավոր հաստատությունների, միջազգային կազմակերպությունների, գիտական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:










