Պարագվայի կառավարությունը փոխըմբռնման հուշագիր է ստորագրել գոյություն չունեցող երկրի հետ
Պարագվայի կառավարության պաշտոնյան աշխատանքից հեռացվել է այն բանից հետո, երբ պարզվել է, որ նա փոխըմբռնման հուշագիր է ստորագրել իրականում գոյություն չունեցող երկրի ներկայացուցիչների հետ: Այս մասին գրում է The Guardian-ը:
Առնալդո Չամորոն հեռացվել է Պարագվայի գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից այն բանից հետո, երբ պարզվել է, որ նա «հռչակագիր» է ստորագրել Կայլասայի Միացյալ Նահանգների ներկայացուցիչների հետ:
Կայլասայի Միացյալ Նահանգների կայքում հորինված երկիրը նկարագրվում է որպես «հին լուսավոր հինդու քաղաքակրթական ազգի վերածնունդ, որը վերածնվում է աշխարհից տեղահանված հինդուների կողմից»: Այն ղեկավարում է ինքնակոչ գուրու Նիտյանանդան, որը հետախուզվում է Հնդկաստանում մի քանի մեղադրանքներով, այդ թվում՝ սեռական ոտնձգության համար: Նրա գտնվելու վայրը հայտնի չէ։
Հոկտեմբերի 16-ի «հռչակագրում» արտահայտվել է «անկեղծ ցանկություն և առաջարկությունառ այն, որ Պարագվայի կառավարությանը դիտարկի, ուսումնասիրի և ակտիվորեն ձգտի Կայլասայի Միացյալ Նահանգների հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և աջակցի Կայլասայի Միացյալ Նահանգների ընդունմանը որպես ինքնիշխան և անկախ պետություն տարբեր միջազգային կազմակերպություններում, ներառյալ Միավորված ազգերի կազմակերպությունում», ասվում է սոցցանցերում հրապարակված համաձայնագրի պատճենում:
Հորինված երկրի ներկայացուցիչները հանդիպել են Չամորոյի և գյուղատնտեսության նախարար Կառլոս Խիմենեսի հետ, ինչի մասին Չամորոն ասել է ռադիոհարցազրույցում։
Հարցազրույցի ընթացքում Չամորոն խոստովանել է, որ չգիտի, թե որտեղ է գտնվում Կայլասան և նշել է, որ «փոխըմբռնման հուշագիրը» ստորագրել է, քանի որ նրանք առաջարկել են օգնել Պարագվային մի շարք հարցերում, ներառյալ ոռոգումը:
Բացահայտումը սկանդալ է առաջացրել Պարագվայում, բայց սա առաջին դեպքը չէ, երբ Կայլասայի ինքնակոչ ներկայացուցիչները խաբում են այլ պետություններին:Այս տարվա սկզբին նրանք հաջողացրել են մասնակցել Ժնևում ՄԱԿ-ի կոմիտեի նիստին, ինչպես նաև համաձայնագրեր են ստորագրել ԱՄՆ-ի և Կանադայի ներկայացուցիչների հետ:










