Չնայած պետության ձեռնարկած քայլերին՝ հաշմանդամություն ունեցողներն իրավունքներն իրացնելիս շարունակում են հանդիպել բազմաթիվ խոչնդոտների. ՄԻՊ ուղերձը

11:30 • 03.12.23

Ամբողջ աշխարհում դեկտեմբերի 3-ը նշվում է որպես Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր: Մարդու իրավունքների պաշտպանն այս կապակցությամբ հղել է ուղերձ, որը ներկայացնում ենք ստորև.

«Որպես «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խախտումների կանխարգելում և պաշտպանություն իրականացնող պաշտոնատար անձ՝ ցանկանում եմ հիշեցնել պետության հանձնառությունը՝ ապահովելու, պաշտպանելու և աջակցելու հաշմանդամություն ունեցող անձանց` այլ անձանց հետ լիարժեքորեն և հավասարապես օգտվելու մարդու իրավունքներից և հիմնարար ազատություններից՝ ապահովելով հարգանքը նրանց արժանապատվության նկատմամբ:

Չնայած պետության կողմից ձեռնարկվող քայլերին՝ հաշմանդամություն ունեցող անձինք իրենց իրավունքներն իրացնելիս  շարունակում են հանդիպել բազմաթիվ խոչնդոտների և խնդիրների, որոնք Մարդու իրավունքների պաշտպանի կողմից բարձրաձայնվել են զեկույցներում, հայտարարություններում, տարբեր միջազգային և ներպետական հանդիպումների ժամանակ, արձանագրվել և հասցեագրվել են պետական իրավասու մարմիններին:

Վերահաստատում եմ  այն դիրքորոշումը, որ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների երաշխավորումը պետք է հիմնված լինի նրանց արժանապատվության հարգման, զարգացման հնարավորությունների, հանրային կյանքում մյուսների հետ հավասար պայմաններով ներգավվածության, որոշումների կայացման գործընթացում ինքնուրույնության, միջավայրային մատչելիության ապահովման սկզբունքներրի վրա:

Պետական իրավասու մարմինները պետք է առաջնորդվեն այն ընկալմամբ, որ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների երաշխավորումը սահմանադրորեն ամրագրված պետության` այլընտրանք չունեցող պարտավորություն է: 

Օգտագործելով այս օրվա խորհուրդը` ցանկանում եմ ևս մեկ անգամ հիշեցնել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունն ապահովելու մեր հավաքական պատասխանատվության մասին»: