Ես գնահատական տալու ոչինչ չունեմ. Թամազյանը` նիստերի դահլիճում հնչեցված վիրավորանքների մասին
Ավագանու նիստն անօրինական էր, ապօրինի էր։
«Երկիր»-ի հետ զրույցում նշեց Թամազյանը:
«Նիստ չգումարվեց, նիստն անօրինական էր, ապօրինի էր: Նիստ գումարելու պարագայում, Եթե օրենքի ուժով է նիստը գումարվում, 10-10։30 պարտավոր էին սպասել համայնքի ղեկավարի ներկայանալուն, որովհետև համայնքի ղեկավարն էր նիստը վարելու, սակայն մարդիկ, օրենքը խախտելով, երկրորդ անգամ իմպիչմենտ հայտնելով, ոստիկանական ուժեր կիրառելով, դուռ ջարդելով մտնում են նիստերի դահլիճ՝ չսպասելով, որ համայնքի ղեկավարը գա: Այս ապօրինությունը դատական կարգով բողորքարկվելու է»,- ասեց Թամազյանը:
Խոսելով նիստերի դահլիճում հնչեցված վիրավորանքների մասին, Թամազյանը հայտարարեց.
«Եթե ինչ-որ սրիկա ցանկացած քաղաքացու թույլ է տալիս նման արտահայտություններ, լինելով Ազգային ժողովի պատգամավոր, խնդրում եմ դուք նրան գնահատական տվեք: Ես նրան գնահատական տալու ոչինչ չունեմ»,- ասեց Թամազյանը:
Թամազյանը նաև հայտնեց, որ իրենք ավելի վաղ դիմել են և՛ կառավարություն, և՛ Լոռու մարզպետարան՝ տեղեկացնելով, որ ավագանու նիստերն արդեն երեք ամիս է՝ չեն կայանում, անհրաժեշտ է դադարեցնել ավագանու ընտրություններն ու նոր ընտրություններ նշանակել, սակայն մինչ օրս պատասխան չկա։
Նշենք, որ առավոտյան Ալավերդու ավագանու 27 անդամներից 14-ն անվստահություն հայտնեցին Արկադի Թամազյանին և համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրեցին ՔՊ խմբակցության ղեկավար Դավիթ Ղումաշյանին։










