Լրացուցիչ փաստերի ու փաստարկների ուսումնասիրության արդյունքում մտահոգությունները փարատվել են․ Նիկոլ Փաշինյանը՝ «ՄՏՍ Հայաստանի» վաճառքի մասին
Կիպրական ընկերության կողմից «ՄՏՍ Հայաստանի» ձեռքբերմանը նախկինում տրված բացասական եզրակացությունը դրական դարձավ, քանի որ եղած մտահոգությունները փարատվեցին։ Այս մասին ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի հարցին։
Թորոսյանը, մասնավորապես, ընդգծեց, որ խոսքը բաժանորդների ամենամեծ թիվն ունեցող օպերատորի մասին, ուստի սա նաև ազգային անվտանգության հարց է։
«Ես այս հարցը չէի տա, եթե 6 ամիս առաջ այդ նույն ընկերության հայցը մերժված չլիներ՝ կառավարության մաս կազմող եւ չկազմող գերատեսչությունների բացասական եզրակացության հիման վրա, որոնք արդեն դարձել են դրական եզրակացություն: Հարց է ծագում՝ ի՞նչ փոխվեց, որ այդ եզրակացությունը դարձավ դրական: Մենք գիտենք, որ «Վիվասել ՄՏՍ»-ը առնվազն բջջային բաժանորդների մասով ամենամեծ օպերատորն է եւ պետության եւ ազգային անվտանգության տեսանկյունից շատ կարեւոր է դա»,-ասաց պատգամավորը:
Պատասխանելով Թորոսյանի հարցին՝ վարչապետն ընդգծեց․ «6 ամիս առաջ տրվել է բացասական եզրակացություն, որովհետև ուսումնասիրությունները մտահոգություններ են ի հայտ բերել, որոնք հետագայում ընկերության կողմից ներկայացված լրացուցիչ փաստերի ու փաստարկների ուսումնասիրության արդյունքում փարատվել են, և այդ պատճառով բացասական եզրակացությունը դարձել է դրական»։
Պատգամավորը նկատեց, որ նշյալ ընկերությունն այդ ոլորտում հայտնի չէ, ինչին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ տեղի է ունեցել խոր ուսումնասիրություն։
«Բնականաբար, եղած մտահոգությունները և հնարավոր ռիսկերը առաջինը ՀՀ կառավարությունն է տեսնում և ձևակերպում, երբ օբյեկտիվ ուսումնասիրության արդյունքում դրանք կա՛մ հերքվում են, կա՛մ փարատվում, արդյունքում կայացվում է համապատասխան որոշում»,- ասաց Փաշինյանը։










