ՌԴ-ն, ԱՄՆ-ն և Ֆրանսիան սխալվեցին. Ադրբեջանը ցույց տվեց՝ ինչպես կարելի է «խաղաղության» հասնել ուժի միջոցով. Ալիև

13:06 • 06.12.23

Ադրբեջանը ցույց տվեց, թե ինչպես կարելի է «խաղաղության» (չակերտները՝ Tert.am) հասնել ռազմական ուժի միջոցով. այս մասին հայտարարել է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը:

«Մենք արդեն խաղաղություն ենք հաստատել տարածաշրջանում։ Մենք դա արել ենք ռազմական ճանապարհով։ Կարծում եմ՝ սրան պետք է ավելի շատ ուշադրություն դարձնել։ Դա վերաբերում է ոչ միայն Կովկասին։ Մենք ցույց ենք տվել, թե ինչպես կարելի է խաղաղության հասնել ռազմական ուժի միջոցով», - ասել է Ալիևը «Ղարաբաղ. վերադարձ տուն 30 տարի անց. ձեռքբերումներ և մարտահրավերներ» խորագրով միջոցառմանը:

««Օկուպացիայի» (չակերտները՝ Tert.am) ժամանակ Մինսկի խմբի համանախագահները (Մինսկի խմբի համանախագահներն էին Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան - խմբ.) եկան միաձայն կարծիքի, որ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի: Մենք ապացուցեցինք, որ երեք երկիրն էլ սխալվել են։ Չնայած իրենց պետականության պատմությանը, միջազգային փորձին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին անդամակցությանը, նրանք սխալվեցին։ Սա սխալ գնահատական էր։ Սա մեսիջ էր Ադրբեջանին, որ եթե փորձես ռազմական ճանապարհով հակամարտությունը լուծել, հաջողության չես հասնի։ Բայց մենք ապացուցել ենք, որ այս հակամարտությունը ռազմական լուծում ունի։ Այս հակամարտությունը լուծվել է 3 տարի առաջ», - ասել է Ալիևը։