ՌԴ-ն և Սաուդյան Արաբիան համատեղ հայտարարություն են ընդունել Պուտինի և թագաժառանգի հանդիպումից հետո

16:18 • 07.12.23

Ռուսաստանն ու Սաուդյան Արաբիան համատեղ հայտարարություն են ընդունել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդի միջև բանակցություններից հետո, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Կողմերի հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է, որ Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան կընդլայնեն համագործակցությունը նավթի և գազի ոլորտում, խաղաղ ատոմային էներգետիկայի ոլորտում, կամրապնդեն պաշտպանական համագործակցությունը երկու երկրների ընդհանուր շահերին հասնելու համար:

Կողմերը պայմանավորվել են ակտիվացնել ջանքերը՝ ուղղված միջազգային խաղաղության և անվտանգության պահպանմանը։

Պուտինը և Սաուդյան Արաբիայի թագաժառանգը քննարկել են Իրանը և ընդգծել Թեհրանի՝ միջուկային ծրագրի խաղաղ բնույթին նվիրվածության կարևորությունը: Ռուսաստանը ողջունել է Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը:

Ռուսաստանի Դաշնության և Սաուդյան Արաբիայի ղեկավարները հանդես են եկել պաղեստինյան տարածքներում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման օգտին:

Ռուսաստանի Դաշնությունը և Սաուդյան Արաբիան աջակցել են Եմենի ճգնաժամի կարգավորմանն ուղղված միջազգային ջանքերին: