Եթե 1 ամսում կարող էինք ավարտել, անցած մի տարի ինչո՞վ ենք զբաղված եղել. Փաշինյանը՝ Ապարանի շենքի շահագործման մասին (տեսանյութ)

12:19 • 07.12.23

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր կառավարության նիստին հայտարարեց, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Բաղրամյան 43 և Գարեգին Նժդեհի 7 հասցեներում գտնվող վթարային շենքերում բնակվում են թվով 38 ընտանիքներ։ Նշված ընտանիքների բնակարանային ապահովման հարցը լուծելու համար Ապարան քաղաքի Գարեգին Նժդեհի 36 հասցեում պետական միջոցների հաշվին կառուցվել է նոր՝ թվով 43 բնակարան ունեցող բազմաբնակարան շենք:

Սանոսյանը շեշտեց, որ կառուցվել է ավելի մեծ մակերեսով բնակելի շենք.

«Եթե, օրինակ՝ ունեցել են 2 սենյականոց բնակարան, կունենան երկու սենյականոց նոր բնակարան՝ ավելի մեծ մակերեսով։ 38 ընտանիք է սպասում նոր բնակարանին, սակայն կառուցվել է 43-ը։ 5 բնակարանից 3-ը կտրվի զոհվածների ընտանիքներին, իսկ երկուսն էլ երկրաշարժից հետո անտուն մնացած ընտանիքների»։

Այս հարցին անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքվեց, թե ի՞նչ որակով են շինարարությունը կատարել և ի՞նչ վիճակում են բնակարանները հանձնվում մարդկանց:

Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Արմեն Ղուլարյանը նշեց, որ շենքը ամբողջությամբ վերանորոգվաշ է, դուռ-լուսամուտները ամբողջությամբ տեղադրված են:

«Շենքը շահագործման է հանձնվել 2022 թվականին: Վաղը ևեթ շինարարի հետ կայցելենք շենք, մի հատ կշրջենք, որպեսզի հանկարծ այս ընթացքում որևէ խնդիրներ առաջացած չլինեն»,- ասաց նա:

Վաչրապետը նաև հետաքրքրվեց, որ 2022-ին է շահագործման հանձնվել ինչո՞ւ են հիմա տալիս մարդկանց:

Հարցին Ղուլարյանը չպատասխանեց, իսկ Սանոսյանը շեշտեց, որ հիմանկան շինարարական աշխատանքներն են 2022-ին են ավարտվել, սակայն փաստաթղթավորման, հոսանքի, ջրի և այլ հարցերը դրանից հետո են եղել, և նոր ավարտվել:

Փաշինյանը նշեց, որ սա վատ պատմությունների շղթա է, որ պատահական պոտենցիալ շահառուները տեսնում են իրեն և հարցնում երբ կլուծվի հարցը:

«Չեմ թաքցի ԱԺ պատգամավոր Մատևոս Ասատրյանի հուղարկավորության ժամանակ մարդիկ են մոտեցել ինձ և ասել, որ սենց խնդիր կա, դա եղել է մեկ ամիս առաջ, եթե մեկ ամսում կարող էինք գործ անել, բա անցած մի տարի ինչո՞վ ենք զբաղված եղել»,- վարչապետը եզրափակեց խոսքը: