Հույս ունեմ՝ Ադրբեջանում սպասվող ընտրությունները պատճառ չեն լինի խաղաղության պայմանագրի ստորագրման ձգձգմանը․ Սարգիս Խանդանյան
Հայաստանը հնարավոր է համարում մոտ ժամանակներում խաղաղության պայմանագրի ստորագրումը։
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Աժ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
Ըստ պատգամավորի՝ Հայաստանը կառուցողական է տրամադրված, բայց պետք է փաստաթուղթն ունենա այն տեսքը, որը մեզ համար հնարավոր կլինի ստորագրել։
«Հայաստանը խաղաղության պայմանագիրը կստորագրի այն ժամանակ, երբ վստահ լինի, որ դա լինելու է ի շահ Հայաստանի։ Մենք պնդում ենք, որ Ադրբեջանը պետք է վերահաստատի իր հանձնառությունը՝ ճանաչել ՀՀ տարածքային ամբողջականությունը»,- շեշտեց Խանդանյանը։
Հարցին, թե Ադրբեջանում սպասվող արտահերթ ընտրություններն ինչպե՞ս կազդեն բանակցությունների վրա, իշխող ուժի ներկայացուցիչն արձանագրեց․
«Հույս ունեմ՝ Ադրբեջանում սպասվող ընտրությունները պատճառ չեն լինի բանակցություններին չմասնակցելուն, հույս ունեմ նաև, որ այդ գործընթացը խաղաղության պայմանագրի ստորագրումը չի ձգձգի»։










